«Սիրո տառեր» մանրանկարչական ցուցահանդես Երևանում

«Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամը և «Լոֆթ Երևան»-ը ապրիլի 1-ից կազմակերպել են հայոց այբուբենին նվիրված «ՍԻՐՈ ՏԱՌԵՐ» մանրանկարչական ցուցահանդեսը: «Լոֆթ Երևան»-ի սրահներից մեկում (հասցե՝ Մոսկովյան 3) ներկայացված են հիմնադրամի նկարիչների կողմից ստեղծված բացառիկ մանրանկարներ: Թղթի, մագաղաթի և մետաքսի վրա մանրանկարները նկարված են միջնադարյան հայկական մանրանկարչության Վան-Վասպուրական և Կիլիկյան դպրոցների գունային ու ոճային առանձնահատկություններով: Ցուցահանդեսում հայոց տառերը «շշնջում են», «խոսում են», ու լռության մեջ ակնթարթը բերում է նոր հույզեր, կանչ, կարոտ ու սպասում…սիրո~ մանրանկարներ:
«ՍԻՐՈ ՏԱՌԵՐ» ցուցահանդեսը կազմակերպվում է «Հայկական մանրանկարչություն» ազգային ծրագրի շրջանակներում: Այցելե´ք ցուցահանդես, և Ձեզ համար Դուք կբացահայտեք հայոց մարդագիր, թռչնագիր, ծաղկագիր տառերի անկրկնելի գեղեցկությունը և հմայքը: Այս ինքնատիպ ցուցահանդեսի ընթացքում կլինեն նաև անակնկալներ. յուրաքանչյուր օր LOFT այցելած մեկ զույգ հնարավորություն կունենա նկարելու անվան սկզբնատառերը և այդ գեղեցիկ մանրանկարը տանել իր հետ։ Իսկ նրանք, ովքեր իրենց տարեդարձը այս ընթացքում կնշեն «Լոֆթ Երևան»-ում, կստանան զգալի զեղչով այս աշխատանքները ձեռք բերելու հնարավորություն «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի կողմից:
Ցուցահանդեսի մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տառերի մանրանկարների գնման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 098 901768, 091 294565 կամ գրել էլ. հասցեին՝ haykakanmanrankarchutyun@gmail.com:
«Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամ