Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանին

Մարտի 19-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանին:

Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ ներկայացրեց սփյուռքի նախարարության կարգավիճակի փոփոխությունը, նոր ձևաչափի՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ապագա գործունեությունը և ուղղությունները, նշեց, որ վարչապետի աշխատակազմում ընդգրկված գրասենյակը համակարգելու է 12 նախարարությունների՝ սփյուռքի մասով ծրագրերը, իրականացնելու է մշտադիտարկում, ամրապնդելու է կապը հայ համայնքների հետ: Այս համատեքստում Տեր Գրիգորյանը շեշտեց Ռուսաստանի հայ համայնքի, նրա հետ նոր ձևաչափով սերտ համագործակցության կարևորությունը:

Ահա այդ նպատակով էլ նախարարությունը ցանկանում է մոտ ապագայում տեսակապով հանդիպում ունենալ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության եզրերը, անել առաջին գործնական քայլերը, նաև նախապատրաստվել միության հետ նոր հուշագրի կնքմանը:

Վլադիմիր Աղայանն անդրադարձ կատարեց միության կատարած աշխատանքներին, ապագա ծրագրերին, կարևորեց հեղափոխության ենթատեքստում յուրաքանչյուր հայի տեղն ու դերը: «Սփյուռքը ստեղծվել է մեր ազգի դժբախտության արդյունքում, սակայն այսօր այն մեր առավելությունն է: Այժմ պետք է ակտիվացնել սփյուռքը»,-նշեց Վլադիմիր Աղայանը՝ ընդգծելով անկախ Հայաստանի դերը սփյուռքում էթնիկ վերազարթոնքի գործում:

Կողմերը կարևորեցին հատկապես աշխատանքը Ռուսաստանում հայ ինքնության պահպանման ուղղությամբ: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ սպասվում է ծավալուն և երկարաժամկետ հեռանկարով համագործակցություն՝ ձևավորելով միասնական օրակարգ և աջակցելով հայ համայնքին:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը շեշտեց, որ բաց են համագործակցության համար, կմշակվեն գործակցության վերաբերյալ առաջարկներ և կդրվեն քննարկման:

Scroll Up