Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

1897թ. մարտի 13-ին Կարս քաղաքում ծնվել է Եղիշե Սողոմոնյանը` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Կարսը փոքր քաղաք էր, բայց այդտեղ Չարենցը ընթերցանությամբ մեծ գիտելիքներ ձեռք բերեց համաշխարհային գրականությունից`կարդալով քաղաքում եղած գրականությունը:

«Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,–այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի (Թելլի) Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։

1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», նա հանդես էր գալիս Չարենց գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:

Չարենցը հենց պատանեկան հասակից շատ զգայուն էր ժամանակի խնդիրների հանդեպ, նա ապրում էր կարծես մերկ ջղերով, սրությամբ զգում էր մարդու մենակությունը, որը դեռ 19-րդ դարից եվրոպական և ռուսական բանաստեղծության կենտրոնական թեմաներից մեկն էր: Մարդիկ անտարբեր էին միմյանց հանդեպ, մինչդեռ  մարդը միշտ ուշադրության և սիրո կարիք ունի: Այդ տարիներին է նա գրում իր լավագույն բանաստեղծությունները մարդու ճակատագրի, նրա լքվածության մասին («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Փողոցային պչրուհուն», «Տաղարան» շարքերը, «Հարդագողի ճամփորդները», «Տաղ անձնական» և այլ բանաստեղծությունները):

Չարենցի հասունությունը համընկավ Համաշխարհային առաջին պատերազմի և հայ ժողովրդի մեծագույն ողբերգության` Ցեղասպանության տարիներին: 1916թ. նա միանում է հայ կամավորական շարժմանը և մեկնում ռազմաճակատ: Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի զինվորների և հայ կամավորների հետ Չարենցը լինում է Արևմտյան Հայաստանում, տեսնում է Ցեղասպանության սարսափելի հետքերը և դրանց մասին պատմում «Դանթեական առասպել» պոեմում:  Այս տարիների տպավորությունները խոր հետք են թողել նրա հոգում և չեն մոռացվել ամբողջ կյանքի ընթացքում: Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի…» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:

Պարույր Սեւակը Չարենցի մասին ասել է. «Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»:

Գուրգեն Մահարին նրա մասին գրել է. «…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»:

Ավետիք Իսահակյանի խոսքերով Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…

«Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…»:

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է:

Հավելենք, որ մեծ բանաստեղծի 122-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկելու են Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, այնուհետև արդեն շարունակվելու են տուն-թանգարանում։ Այսօր ժամը 13:00-ից տուն-թանգարանը նախաձեռնել է միջոցառումներ, որոնք ներկայացնելու են մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: Չարենցի տան այցելուներն այսօր կհանդիպեն բանաստեղծին` իր 2 կանանց հետ, օրվա ընթացքում Սայաթ-Նովան, հյուրընկալվելով Չարենցին, ականատես կդառնա «Տաղարանի» ստեղծմանը:

Scroll Up