Սիրելի՛ կանայք, թող ձեր ներսում առկա արևը երբեք չմարի. Բաբկեն Տեր Գրիգորյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն, ամենագեղեցիկ ցանկություններով շնորհավորում եմ Մարտի 8-ի առթիվ: Ես հակված եմ կարծելու, որ տարվա յուրաքանչյուր օրը պետք է ձեզ համար ջերմությամբ, ուրախ պահերով ու դրական լիցքերով լի լինի, սակայն միևնույն ժամանակ այս յուրահատուկ օրը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է, որ գարնանային պայծառ շնորհավորանքներ ասելուց բացի՝ մենք պետք է խորապես մտածենք նաև կանանց իրավունքերի պաշտպանության, տարբեր բնագավառներում հնարավորությունների հավասարության, նաև խտրականության ու բռնության բացառման մասին:

Այսօր ձեր՝ աշխարհի ամենանուրբ, ամենախիզախ ու համարձակ էակների տոնն է, սա ձեր իրավունքերի վերահաստատման օրն է, նաև հնարավորություն մեզ՝ տղամարդկանց համար, ևս մեկ անգամ կանանց անսահմանափակ ներուժը վերարժևորելու ու ինքնավերլուծության համար:

Սրտանց շնորհավորում եմ Սփյուռքում ապրող մեր հայուհիներին, հենց նրանք են սփյուռքում հայապահպանության, հայեցիության, մայրենի լեզվի հենարանները, և այդ առաքելությունը խոնարհումի ու ամենաբարձր գնահատականին է արժանի: Առանց ձեզ անհնար է պատկերացնել հայ դպրոցն ու ընտանիքը, և ձեր գործը ամենապատվաբերն ու ամենադժվարն է միաժամանակ:

Սիրելի՛ կանայք,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ գարնան այս արևոտ, չքնաղ օրվա առթիվ, մաղթում եմ, որ ձեր ներսում առկա արևը, գարունը երբեք չմարի, որ իրականացնեք ձեր բոլոր երազանքները ու ցանկությունները:

Scroll Up