ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունն այցելեց սփյուռքի նախարարություն

Փետրվարի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Սուսաննա Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ ավանդական համագործակցությունը, նշեց առաջիկա համագործակցության ծրագրի և սիրահայերի հարցերով զբաղվող մյուս գերատեսչությունների հետ համատեղ քննարկումների և խորհրդակցությունների անհրաժեշտության մասին:

Քննարկվեցին սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից համակարգման փորձը փաստաթղթավորելու և հետագայում այդ փաստաթուղթը սփյուռքի հարցերով զբաղվող պետական պատկան մարմնին փոխանցելու, ինչպես նաև՝ ապագայում սփյուռքի գաղթօջախներից հնարավոր տեղահանման դեպքում ավելի պատրաստ լինելու և կայուն ու հստակ վիճակագրություն ունենալու մեխանիզմներ մշակելու համար քայլեր ձեռնարկելու հետ կապված հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայերի սոցիալական, տնտեսական հարցերի լուծմանն ուղղված քայլերին, այդ հարցերով զբաղվող առանձին աշխատանքային խմբերի ստեղծման անհրաժեշտությանը:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ հետագա գործակցությունն արդյունավետ կլինի:

Scroll Up