«Բանակային կյանքը լի է հետաքրքիր դեպքերով ». Վազգեն Հարություն

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը սիրիահայ Վազգենն է, որն արդեն մեկ տարի ծառայում է Հայոց բանակում: Վազգենի հետ զրույցի ընթացքում խոսեցինք նրա արմատների, Հայաստան տեղափոխվելու և բանակային կյանքի մասին:

-Ողջու´յն Վազգեն, կխնդրեի` պատմել Ձեր արմատների մասին:

Ողջու´յն, իմ թե´ հորական, թե´ մորական արմատները սերում են Սասունից, Հայոց ցեղասպանության ժամանակ իմ պապիկների ընտանիքները գաղթել են Սիրիա և բնակվել Հալեպում, հայրս և մայրս ամուսնացել են այնտեղ, այնուհետև տեղափոխվել են Հայաստան և այստեղ` Հայրենիքում, ծնվել եմ ես:

– Ե՞րբ են ծնողներդ տեղափոխվել Հայաստան:

-Ընտանիքս մոտավորապես 27 տարի Հայրենիքում է, ես ծնվել, մեծացել և դաստիարակություն եմ ստացել Հայրենիքում և հայկական օջախում։

Ինչքա՞ն ժամանակ է, որ ծառայում ես Հայոց բանակում:

– Արդեն 1 տարի է` ինչ ծառայում եմ: Տնից և օջախից հեռու շատ դժվարությունների եմ հանդիպում, սակայն կողքիդ ունենալով ամուր ընտանիք և հզոր ընկերություն` դժվարություններն աչքիդ չեն էլ երևում։ Բանակում ես հասկանում` ինչ ասել է Հայրենիք, ընկերություն, հավատարմություն, տոկունություն և խիզախություն: Ամեն պահի պատրաստ ես ավյունով լեցուն պայքարել թշնամու դեմ, հասկանում ես Հայ զինվորի, նրա կյանքի և Հայրենիքի հարաբերակցությունն ու փոխկապակցվածությունը:

Արդյոք տարբերությունը շա՞տ է բանակ զորակոչվելուց հետո:

-Այս 1 տարվա ընթացքում շատ դժվարությունների եմ հանդիպել, սակայն ի շնորհիվ հորս` հաղթահարել եմ: Շատ փոփոխություններ են եղել թե՛ իմ մտածելակերպի, թե՛ իմ հոգեկան աշխարհի վրա, հին Վազգենի և նոր Վազգենի միջև շատ մեծ տարբերություններ կան, հիմա մտածելակերպս ավելի հասուն է։ Բանակը քեզ հնարավորություն է տալիս կոփվելու կյանքի հետագա փորձությունների համար, ավելի վճռական է դարձնում կյանքի կարևոր որոշումներ կայացնելիս:

-Ինչպե՞ս է անցնում հայ զինվորի առօրյան: Կպատմե՞ք բանակային օրերի հետաքրքիր  դրվագներից:

-Բանակային կյանքը լի է հետաքրքիր դեպքերով, հատկապես երբ ծառայում ես սահմանային գոտում` թշնամուն դեմ առ դեմ: Ճիշտ է` կարոտում ես ընտանիքիդ, ընկերներիդ, բայց բանակային կյանքում ձեռք ես բերում կյանքի մեծ փորձ, զինվոր ընկերներդ դառնում են ընտանիքիդ մի մասը` լրացնելով այն կարոտը, որը զգում ես զորամասից դուրս:

Սևադա Սաֆարյան

Scroll Up