Մշտական կապի մեջ եմ Հայրենիքիս հետ. Դավիթ Հովհաննիսյան

12 հոկտեմբեր, Արամ Խաչատրյան համերգասրահ…

Լեփ-լեցուն դահլիճ… Ծաղիկների մեծ, անթիվ փնջեր… Բեմում փայլում է երիտասարդ աստղը, իր մեղրածոր ձայնով, իր գեղեցիկ տեմբրով և անչափ հմայիչ արտաքինով: «Դավիթ Հովհաննիսյան, հիշե´ք այս անունը»,- ասաց համերգի գեղարվեստական ղեկավար և վարող Արա Ղազարյանը` ոտքի ելած, ծափահարող, հիացած հանդիսատեսին:

Երգչի երգացանկը հարուստ է ու բազմազան, նա համերգին նորովի ու յուրովի ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ»-ը, Granada, Mamma, O sole mio, Canzoni Stonate, Besame Mucho, Quizas, Estate, Quando Falode Amor և այլ երգեր, հնչեցին նաև պրեմիերաներ` Քրիստ Մանարյանի «Իմ Երևան» երգը՝ նվիրված մեր քաղաքի 2800 -ամյակին, որը գրված էր հատուկ երգչի համար և Tenerife երգ-հիմնը՝ նվիրված իսպանական Տեներիֆե կղզի-քաղաքին, որտեղ և ապրում է Դավիթ Հովհաննիսյանը:

Տենոր Դավիթ Հովհաննիսյանը Հռոմի «Վիսսի Դարտե, Վիսսի Դամորե» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ է, «Ունիոն Արտիստիկա Էլ Կաբո» միության անդամ, սոլիստ (Իսպանիա)։

Դավիթի հիասքանչ ելույթն անհնար էր մտերմիկ շարունակություն չունենար։ Բեմից դուրս, բացահայտեցի Դավիթի մարդկային տեսակը։ Որևէ տաղանդի մասին երբ ասում են՝ բնությունը շռայլ է գտնվել, Դավիթը նրանցից մեկն է։ Պատեհ առիթ էր, և ես զրուցեցի նրա հետ․

-Դավի´թ, մասնագիտությամբ միջազգայնագետ եք, Ձեր նախասիրությունը հոգեբանությունն է, մանուկ հասակում ի՞նչ էիք երազում դառնալ, ի՞նչը մղեց Ձեզ ընտրել երգարվեստը և Մեծ Բրիտանիայի Թագավորական երաժշտական ակադեմիայում ստանալ տենորի որակավորում։ Ինչպիաի՞ հայտնի տենորներ են Ձեզ ոգեշնչել։

– Գիտեք, ես չեմ փորձում երազել, նախընտրում եմ ձգտել ինչ-որ բանի: Օրինակ՝ ձգտել եմ դառնալ միջազգայնագետ՝ օտար երկրում ծառայել ազգիս և երկրիս շահերին։ Սակայն խիստ պատահականությամբ սկսեցի երգել, երևի ոգու կանչ էր: Այդ պատահականությունն էլ փոխեց ամեն ինչ, սկսեցի երգել, սովորեցի սկզբում Տեներիֆեում (Կարմեն Ակոստայի մոտ) ապա՝ Հռոմում (Ռենատա Լամանդայի մոտ), մասնակցեցի դասընթացների և ստացա տենորի որակավորում։ Անկեղծ ասած, ինձ ոգեշնչել է Պավարոտտին, կարելի է ասել, որ իբրև տենոր իմ կազմավորման մեջ՝ իր ավանդն ամենամեծն է։

– Դուք բնակվում եք Իսպանիայում, սակայն մշտական կապի մեջ եք Հայաստանի հետ և պատահական չէր, որ Ձեր առաջին մենահամերգը տեղի ունեցավ Երևանում։ Երբ դահլիճը հոտնկայս ծափահարում էր, ի՞նչ էիք մտածում այդ պահին։

– Մշտական կապի մեջ եմ հայրենիքիս հետ։ Ժամանում եմ Հայաստան շատ հաճախ: 2015թ. կազմակերպեցի համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի համար հատուկ հրավիրված էր սոպրանո Կարմեն Ակոստան (համատեղությամբ՝ ուսուցիչս)։ Այդ համերգին բոլոր ցանկացողների համար մուտքն ազատ էր։ Դեռևս 2013 թվականից եմ որոշել, որ Հայաստանում իմ նախաձեռնած բոլոր համերգները կլինեն անվճար՝ իբրև փոքրիկ նվեր երկրիս մշակութային կյանքին։

– Դուք ապրում եք իսպանական Տեներիֆե կղզում, հայեր շատ կա՞ն: Կա՞ հայկական համայնք։

– Իսպանիայում ունենք բավականին կազմակերպված համայնք՝ կենտրոնացված երեք քաղաքներում՝ Վալենսիա, Մադրիդ, Բարսելոնա։ Ծանոթ չեմ այդ քաղաքների համայնքներին, բայց գիտեմ, որ հայտնի և տաղանդաշատ հայեր կան: Տեներիֆեում բնակվում են բավականաչափ հայեր, որոնց զգալի մասը վերջերս է ժամանել Վալենսիայից։ Ճանաչում եմ մի քանի ընտանիքի միայն, բոլորի հետ ծանոթ չեմ, քանի-որ, ցավոք, դեռ չունենք համախմբված համայնք։

-Ինչպե՞ս ծնվեց «Տեներիֆե» երգի գաղափարը, որը Ձեր փայլուն կատարմամբ դարձավ քաղաքի հիմնը:

– «Տեներիֆե»-ի հեղինակը լեգենդար երգիչ, երգահան Բրաուլիո Անտոնիո Գարսիան է։ Երգը գրել և կատարել է դեռ 1980-ականներին, իրենից հետո երգել են նաև այլ հայտնի արտիստներ: Ես սիրեցի այդ երգն ու որոշեցի նույնպես ձայնագրել: Հեղինակն իմանալով այդ մասին՝ հեղինակային իրավունքները նվիրեց ինձ՝ ասելով, որ վստահում է։ Իսկ ձայնագրությունը լսելուց հետո շատ հավանեց կատարումս։

– Հե՞շտ սովորեցիք իսպաներենը և ուրիշ ի՞նչ լեզուների եք տիրապետում:

– Բավականին, չնայած երբ կա նպատակ, չկա հեշտ-դժվար (այդպես եմ ծրագրավորել ինձ, փորձում եմ այդպես ապրել։) Տիրապետում եմ հայերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին: Ցավոք, ժամանակի և չկիրառելու հետևանքով մի փոքր մոռացել եմ վերջին երկուսը։

– Ինչպիսի՞ զուգահեռներ եք տեսնում հայ և իսպանացի հանդիսատեսի միջև։

– Բարդ է ասել, շատ տարբեր են պահանջները: Միայն հստակ կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ գնահատված եմ զգում: Անչափ կարևոր է, երբ համերգի ողջ ընթացքում լռություն է տիրում դահլիճում, երբ ջերմ են ընդունում։ Իհարկե, ինձ համար առավել մեծ պատասխանատվություն է հենց հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալը, ինչն անձնապես իմ սկզբունքներից է։

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի Դավիթ Հովհաննիսյանը։

– Մի քանի նախագիծ կա Տեներիֆեում, որտեղ մասնակցություն եմ ունենալու: 2019 թվականին պլանավորված է նաև համերգ Վիեննայում: Առաջիկայում կա ձայնագրություն և տեսահոլովակ նկարելու ցանկություն։ Ինձ աջակցում է «Մենսեյ Պրոդակշն»-ը, որը հանդիսանում է որպես անկախ արտիստների միություն։

– Այսպիսի հետաքրքիր կերպար է երիտասարդ տենոր Դավիթ Հովհաննիսյանը: Համոզված եմ, որ ժամանակը մեզ երկար սպասեցնել չի տա, նա կնվաճի աշխարհի հանրահայտ բեմահարթակները։

Մոնիկա Առաքելյան

Միջազգայնագետ, Միջազգային ժուռնալիստների միության անդամ

Փարիզ

Scroll Up