Կարևորվել է հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը

Նոյեմբերի 25-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Հաագայի «Աբովյան» մշակութային միություն, ուր հանդիպում ունեցավ միության ակտիվի, միության հովանու տակ գործող հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների, ծնողների և Հաագայի հայ համայնքի անդամների հետ։ Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկանում է ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի դեսպանին «Աբովյան» միության ղեկավար, Նիդերլանդների հայկական միությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ թեև նորանշանակ դեսպանը նոր մարդ չէ Նիդերլանդներում և Հաագայում, ունի հոլանդական կողմի և հայ համայնքի հետ աշխատանքի փորձառություն, այնուամենայնիվ, հայ համայնքը պատրաստ է աջակցել հայ-նիդերլանդական կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության ծրագրերի իրականացմանը։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ Բյուսելում աշխատելու տարիներին «Աբովյան» միության գրասենյակը դարձել է Հաագայում իր հարազատ հասցեն, ուր ծնվել և իրագործվել են շատ գաղափարներ։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ տարիներ առաջ հաստատված արդյունավետ համագործակցությունը նոր թափ կստանա։

Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի տնտեսական զարգացման ուղղություններին և այդ նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀՀ դեսպանը կարևորեց հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը, Հայրենիքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և հայրենադարձությունը։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է բարեփոխել հարկային օրենսգիրքը և ներկայացրեց Հայաստանում արտասահմանցի ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ հորդորելով այս ամենի մասին պատմել գործընկերներին և պոտենցիալ ներդրողներին։

«Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ գնալ հանդիպումների Հայաստան ներդրում կատարելու կամ Հայաստանի արտադրանքի նկատմամբ նույնիսկ թեթև հետաքրքրություն ցուցաբերած գործարարի հետ, բանակցել, ներկայացնել ու համոզել նրանց։ Համոզված եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք արդյունքների հասնել»,- ընդգծեց դեսպան Բալայանը։

Այնուհետև «Աբովյան» միությունում տեղի ունեցավ Երևանի 2800 ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հնագետ դոտկտոր Յանիկ Ռաչինսկի-Հենկը ներկայացրեց Էրեբունի ամրոցի հիմնադրման, դրա պեղումների պատմությունը և Երևանի տարածքում այլ հնագիտական վայրերում արված բացահայտումները։

Scroll Up