Կրթաթոշակների տրամադրում սիրիահայ ուսանողներին
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը (ՀԿՍ) «Հալեպ» հայրենակացական բարեսիրական կազմակերպության («Հալեպ» ՀԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում նոյեմբերի 22-ին կրթաթոշակներ տրամադրեց սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած ուսանողներին:
«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն արձագանքում է սիրիահայ ուսանողների կրթական և մասնագիտական կարիքներին՝ տրամադրելով կրթավճարների փոխհատուցում: Ուսանողներն ընտրվում են հստակ ժամկետներով հայտարարված բաց մրցույթի միջոցով. գնահատվում է նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունն ու անհերքելի սոցիալական կարիքը:
Կրթաթոշակների հանձնման առիթով ՀԿՍ հիմնադրամի գրասենյակում էին հյուրընկալվել կրթաթոշակառուներն ու ծրագրում ակտիվորեն ներգրավված երիտասարդները, որոնք նախևառաջ ճանաչողական շրջայց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ռուբեն Սևակի արվեստի թանգարանում նրանց ողջունեց տնօրեն Հայր Սևակ Սարիբեկյանը, որը ներկայացրեց Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին և այլ մտավորականներին նվիրված պատկերասրահը, որտեղ ցուցադրված են ավելի քան 200 արվեստի գործեր, ինչպես նաև Ռուբեն Սևակին պատկանող իրերն ու նկարները:
Երիտասարդները նաև այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարան, որն ամփոփում է ժամանակի ընթացքում աշխարհասփյուռ հայ համայնքներից ստացված ցուցանմուշները, որոնք վկայում են հայ վարպետների բարձր ձիրքի և գեղեցկության ընկալման մասին: Որպես այցի շարունակություն՝ երիտասարդներին ողջունեցին ՀԿՍ գրասենյակի գործադիր տնօրեն, դոկտոր Կարեն Նազարյանը և «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ պարոն Լևոն Անտոնյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայրապետյանը և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի Ֆինանսական պատասխանատու տիկին Լենա Բաղդասարյանը:
2018թ. աշնանը հայտարարված կրթաթոշակների մրցույթին ընդհանուր հաշվով ստացվել են 57 դիմումներ, որոնք դիտարկվել են անկախ ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում էին ՀԿՍ հիմնադրամի, «Հալեպ» ՀԿ-ի և սիրիահայ ուսանողների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր հայտ դիտարկվել է մանրամասնորեն` հաշվի առնելով դիմորդի առաջադիմությունը, համայնքային մասնակցությունը և սոցիալ-տնտեսական կարիքը: Արդյունքում ընտրվել են 14 ուսումնական հաստատություններ ներկայացնող 34 կրթաթոշակառուներ:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ/ WCC Armenia Round Table Foundation