Պոլսահայ հայտնի թատերագիր Արման Վարդանյանը 80 տարեկան է

Արման Վարդանյանի անունը հայտնի է Թուրքիայում, Մերձավոր Արևելքում, Հայաստանում, Ռուսաստանում: Նա հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրն է, մի թատերագիր, ով վաղուց ավերել է բոլոր կաղապարներն ու ստեղծել թատրոնի ու թատերգության իր տեսակը:

Դժվարին մարդկային ճակատագիր է բաժին հասել նրան. լինելով բարեկեցիկ ապրող ընտանիքի միակ զավակը` կրթություն է ստացել Լոնդոնում ու Վիենայում, սակայն թուրքական իշխանությունները կասկածել են նրան լրտեսության մեջ, դատապարտել մահվան… Ոչ թե իշխանությունների բարի կամքով, այլ ծնողների հետևողական ու համառ բողոքներից, խնդրանքներից ու հորդորներից հետո մահվան դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Այս վճռի հետ էլ չեն համակերպվել ծնողները, չեն ցանկացել անձնատուր լինել մի որոշման, որն իր էությամբ ու բնույթով անհիմն էր: Եվ վերջապես, ցմահ ազատազրկման փոխարեն` տասը տարվա կալանք…

Իր առաջին ստեղծագործություններն Արման Վարդանյանը գրել է թուրքական բանտում, մենության ու հոգելլկումների մեջ` ստեղծելով նորավեպերի շարքեր, որոնցում անհատի միայնության ու ողբերգական հիասթափությունների խնդիրներն էր արծարծում: Բայց հաշտ չլինելով միայնության կաֆկայական-ֆրոյդիստական ընկալման հետ` նա մի օր այրել է իր բոլոր ստեղծագործությունները` իր մեջ շատ ավելի կենդանի պահելով սերը երաժշտության հանդեպ, քանզի նա պատրաստվում էր երաժիշտ դառնալ…

Վերադառնալով տառապանքների տասնամյա ուղուց` Արման Վարդանյանը կարծես մոռացության է տալիս գրականությունը և ամբողջապես տրվում առօրյա զբաղմունքներին ու աշխատանքներին: Սակայն նա այլևս չէր կարող հեռու մնալ իր մեջ խայտացող ձայներից, ուստի չափազանց կարճ ժամանակամիջոցում գրում է «Թոխորը»,  «Մամլեկը», «Շաղամաթը», «Խպլիկը», «Ճոկանը», «Երնջակը», «Ագռավուկը» և այլ պիեսներ, որոնք առանձին գրքերով լույս տեսնելուց զատ, ամփոփվում են «Խաղ մը» ժողովածուի մեջ: Այս ժողովածուին հաջորդում է 1997 թվականին լույս տեսած «Ցաւ մը» ժողովածուն:

Թատերագրի ստեղծագործությունները չեն արժանանում թատրոնների ու բեմադրիչների ուշադրությանը, որովհետև դրանցում կար անսովոր մի բան, ավանդական կաղապարները ջնջող ձևեր ու հղացումներ, որոնք արդեն հաստատում էին նոր գեղարվեստական սկզբունքներ, թատրոնի մի նոր տեսակ: Պոլսում հայկական թատերախմբեր չկային, իսկ Մերձավոր Արևելքի հայկական թատերախմբերն էլ հակվում էին դեպի ազգային դասականը: Թատերագրի նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերում նաև հայաստանյան թատրոնները, որովհետև «սոցիալիստական իրապաշտության» թատրոնը չէր կարող ընդունելի համարել «աբսուրդի դրաման», Արման Վարդանյանի զարմանալի-ինքնատիպ, հաճախ դեպի պարադոքսները միտվող գեղարվեստական-գեղագիտական լուծումները: Եւ տեւական ժամանակ թատերագիրը կարծես գրում էր ինքն իր համար, տպագրում իր ստեղծագործությունները, որոնցից միայն «Թոխորն»  է թարգմանվում անգլերեն և բեմադրվում Լոնդոնում:

Առաջին անգամ այս հետաքրքիր ու ինքնատիպ թատերագրի ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում ձևավորվեց 2000-ին, երբ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվեց «Ախացելը» դրաման: Այն, Վահե Շահվերդյանի բեմական ընթերցմամբ, Վարդուհի Վարդերեսյանի, Լորենց Առուշանյանի, Հասմիկ Ալեքսանյանի և Նելլի Խերանյանի կատարումներով, իրապես հայտնություն դարձավ հայ թատերական իրականության մեջ: «Ախացելին»  հաջորդեց «Կանկրուկի»  բեմադրությունը Արմեն Էլբակյանի գլխավորած թատրոնում, որից հետո էլ, դարձյալ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, բեմադրվեց «Սակուրը»: Իր պատանության տարիների ընկերոջ ստեղծագործություններին անդրադարձավ նաև նշանավոր դերասան ու բեմադրիչ Երվանդ Մանարյանը` «Ագուլիս» թատրոնում բեմադրելով «Հրոտիցը»: Արման Վարդանյանի գրեթե բոլոր ստեղծագործություններում հիշատակվում է այն միտքը, որ մատուցվողը թատրոնի համար գրված նյութ է, որը հղացվել է Արման Վարդանյանի կողմից, մի շարք խաղերում առկա է թատերագրի կերպարը` տարբեր անուններով և կենսագրական տարբեր շրջադարձներով: Արման Վարդանյանն իր պիեսներից մի քանիսի գործողությունները կառուցում է անդրաշխարհում, երբեմն դիմում ֆանտաստիկ թվացող կերպարանափոխումների, շեշտում խաղի գաղափարը` այսպես ջնջելով-վերացնելով արիստոտելյան «չորրորդ պատը»: Արման Վարդանյանը զտարյուն «աբսուրդիստ» է, ում համար ուղենիշային են բեկկետյան սկզբունքները, որոնք երբեմն տարափոխվում և տարաձևվում են, գալիս դեպի Հարոլդ Փինթերը, դեպի իրավիճակների պարադոքսալիզմը` այդ ամենը կառուցելով թատերային տարրի ակնհայտ ընդգծումներով:

Իր ութսուն տարին բոլորած ականավոր թատերագիրը հրատարակել է պիեսների հինգ ժողովածու, նրա շատ պիեսներ թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն…

Լևոն Մութաֆյան

Scroll Up