Nouvelles d’Arménie. Թուրքական կեղծիքն ու ատելությունը հանգեցրին հայ զինվորի սպանության ապրիլի 24-ին

Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք Արա Թորանյանի հոդվածը, որը հրապարակվել է Nouvelles d’Arménie պարբերականում:

Թուրք զինվորի կողմից հայի սպանությունը հազվադեպ կարող է լինել պատահական: Հատկապես, երբ սպանությունը տեղի է ունենում ապրիլի 24-ին: Թեեւ 2011թ. ապրիլի 24-ին Թուրքիայի արեւելքում գտնվող Բաթմանի կայազորում երիտասարդ հայ զինծառայող Սեւակ Շահին Բալիկչիի սպանության հանգամանքների մասին գրեթե չհաղորդվեց, սակայն բոլոր փաստերը ստիպում են մտածել, որ սպանությունը պատահական չէր: Պաշտոնական վարկածի համաձայն՝ զինվորին սպանել է պատահական գնդակը, որն արձակվել է թուրք զինվորականի հետ «զենքով խաղալիս»: Մեղավորը հարցաքննվել է եւ ազատ է արձակվել: Այդ վարկածը զարմացնում է Սեւակի մորը, որի խոսքով՝  իր որդին երբեք զենքերով չի տարվել եւ դրանցով չի զվարճացել: Նրա հարսնացուն` Մելանի Քումրույանը եւս թերահավատորեն է ընդունում այդ վարկածը: Նա հիշեցրեց, որ ողբերգությունից մի քանի օր առաջ հրամանատարը Սեւակին հանիրավի մեղադրել էր 50 լիր գողանալու մեջ եւ ծեծի էր ենթարկել:

Վերջապես, Այշե Գյունայսուն` Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության լիգայի ղեկավարը,  Armenian Weekly-ի հետ հարցազրույցում հայտարարեց, որ Սեւակի վրա կրակած թուրքը ծայրահեղ ազգայնական է: Նա Facebook-ի էջերում բազմիցս արտահայտել է իր տեսակետը: Այդ գրառումները հետագայում ջնջվել են:

Բոլոր փաստերը ստիպում են եզրակացնել, որ ողբերգությունը խորհրդանշական է եղել եւ երկրի խորքում քողարկված հայատյացության հերթական դրսեւորումն է:

Լինի այդ սպանությունը քրեական շարժառիթի, թե չգիտակցված պատահական արարքի հետեւանք, միեւնույնն է, այդ մահը բազմաթիվ թելերով կապ ունի ցեղասպանության պատկերացումների (դահիճ – զոհ ինքնությունների հակադրության, ռազմական ենթատեքստի, ժխտողականության, անպատժելիության, իշխանությունների երկերեսանիության) հետ: Այդ սպանությունը թուրքական պետության հիմնասյուներից մեկը մնացող հակահայկական գաղափարախոսության շարունակությունն է: Մինչեւ այսօր այդ գաղափարախոսությունը սնվում  եւ գործիք է դառնում  երկրի ղեկավարների համար:

Եթե հիշենք միայն վերջին սադրանքները, ապա կարելի է նշել փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիին Թուրքիայի խորհրդարանի նախագահի ուղարկած նամակը: Քյոքսալ Թոփթանը Փելոսիին գրում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունման դեպքում շատ դժվար կլինի վերահսկել թուրքական հասարակության արձագանքը: Ստամբուլում լույս տեսնող «Ակօսը» այդ ուղերձում քողարկված սպառնալիք էր բացահայտել Թուրքիայի հայ համայնքի դեմ:

Սակայն Սեւակի սպանության հետ կապված նրբություններն ապրիլի 24-ով չեն սահմանափակվում: Պարզվում է՝ Սեւակի թաղման ժամանակ կառավարությանը ներկայացրել է Եվրոպական գործերով նախարար Էգեմեն Բաղիշը: Այդ նախարարը առաջատար դեր է խաղում ժխտողականության քաղաքականությունում: Հենց նա էր ապրիլի 6-ին մեկնել Ֆրանսիա` Սենատին համոզելու կողմ չքվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն օրակարգ մտցնելու օգտին: Նույն Բաղիշը 2011թ. մարտի 14-ին մեկնել էր Վաշինգտոն` ամերիկացիներին համոզելու կողմք չքվեարկել Ցեղասպանության ճանաչմանը: Այդ պատճառով Բաղիշի ներկայությունը հայ զինվորի թաղմանը հարգանքի բացակայության դրսեւորում է փոքրամասնության նկատմամբ:

Եթե թուրք մտավորականության վերնախավում արդեն կա հայկական հարցի վերաբերյալ որոշակի առաջընթաց, ապա պետական ապարատը շարունակում է մնալ կարծրացած օսմանյան մենթալիտետում: Սա, իհարկե, նորություն չէ: Այդպես միշտ է եղել: Այդ ոլորտում ժողովրդավարական երկրների վախկոտությունը չի օգնի փոխել իրավիճակը: Շահը վեր է էթիկայից:

Իսկ «Թուրքիայի արեւելքում» դարձյալ երիտասարդ հայ է սպանվել: Նրա անունը Սեւակ է: Նա 25 տարեկան էր: Ժամկետային զինծառայողը երեք շաբաթ հետո պետք է զորացրվեր թուրքական բանակից:

Scroll Up