Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հեռախոսամարաթոն-2018»-ը մեկնարկել է նաև Ֆրանսիայում. այն շարունակվելու է մինչև նոյեմբերի 18-ը:

Այս մասին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ մանրամասնելով, որ «Ֆոնեթոն-2018»-ին մասնակցելու էր մեկնել նաև Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում Հայկակ Արշամյանն ասել է, որ համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը:
Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել:
«Հիմնադրամը շարունակում է  գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղղվելու է իր նպատակին», – շեշտել է Հայկակ Արշամյանը:
Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկե, շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաև բովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրող երկիր: Պետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներին, մենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենք Հայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», – նշել է Հայկակ Արշամյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել  կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որ աշխարհում ասելով Հայաստան, հասկանան որակի բրենդ: Ես ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, – ընդգծել է Հայկակ Արշամյանը, –  «այստեղ միայն գումարի խնդիրը չէ, կարևոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործում: Ինձ համար կարևոր չէ՝ ինչքան գումար է նվիրաբերվում, կարևոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքի նկատամամբ սեփականության զգացումը, և դա պետք է լինի շատ իրական ու գործնական»:
Նշենք, որ ռադիոհաղորդման ձայնագրությունն ամբողջությամբ  ցանկացողները կարող են լսել  այստեղ:
Scroll Up