Հայ-ռուսական «բարեկամության» նոր օրինակ

Մայիսի 27-ին  Սոչիի իշխանություններն ապամոնտաժել են օրեր առաջ այնտեղ տեղադրված ռուսական բանակի գեներալ-մայոր, Գեորգիևյան խաչի ասպետ Անդրանիկ Օզանյանի արձանը, որի հանդիսավոր բացումը կայանալու էր մայիսի 28-ին: Քաղաքի իշխանություններն իրենց քայլը բացատրել են «արդարացմամբ», թե թուրքերը կարող են հրաժարվել օլիմպիական կառույցների շինարարական աշխատանքներին մասնակցելուց:

Որոշ իրազեկ աղբյուրներ էլ պնդում են, որ Սոչիի իշխանությունները հրահանգներ են ստացել Մոսկվայից` տուրք տալով ադրբեջանցիների պահանջներին ու նկրտումներին:

Հիմնավորումներն, իհարկե, քննադառտության չեն դիմանում, քանզի, նույն տրամաբանությամբ, հայերն էլ, որոնց թիվը Մոսկվայում մոտենում է մեկ միլիոնի, կարող էին հրաժարվել ռուսական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու իրենց մասնակցությունից ` պատճառաբանելով այն  հանգամանքը, որ Ռուսաստանի մայրաքաղաքում տեղադրվել է Հեյդար Ալիևի կիսանդրին, նրա անունն է կրում աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկի մեծաշուք մի հրապարակ… Սակայն, ինչպես ցույց են տալիս փաստերն ու դրանց մեկնաբանությունները, Ռուսաստանին այսօր բնավ էլ չեն հետաքրքրում հայկական դիրքորոշումներն ու մոտեցումները. ամեն ինչ արվում է այն հաշվարկով, որ ադրբեջանցիներն «իրենց վատ չզգան», որ նրանց ցանկություններն ու պահանջներն իրականություն դառնան…

Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասում հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությունը, հայկական գերեզմանոցների պղծման բազմաթիվ դեպքերը, հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունները վկայությունն  են այն բանի, որ ռուսական իշխանություններն այսօր առաջնորդվում են իրենց շահերով` ամեն կերպ ոտնահարելով հայերի իրավունքները՝ բազմազգ այդ պետության մեջ հայերին վերածելով «հինգերորդ շարասյան», որը զրկվում է իր շահերը պաշտպանելու հնարավորություններից:

Անդրանիկ Օզանյանն ահռելի ներդրում ունի ռուսական բանակում և պետության մեջ, ժամանակին նրա վաստակը բարձր են գնահատել կայսերական բանակի հրամանատարները, իսկ Նիկոլայ Երկրորդ ցարը հիացել է Անդրանիկի քաջությամբ և անձնազոհությամբ: Մինչդեռ ժամանակակից Կրեմլի տերերը ու երկրամասերում իրենց իշխանությունը հաստատած նրանց կամակատարները ոչ միայն վիրավորում  են Սոչին ու նրա շրջակայքը ծաղկեցող հայերին, այլև խտրական վերաբերմունք հանդես բերում մի նշանավոր հայորդու նկատմամբ, ով նաև ռուսական բանակի հպարտությունն էր:

Վերջին շրջանում հիշատակված երկրամասերում և Ռոստովի նահանգում ահագնանում են հակահայկական տրամադրությունները, գրանցվում են բազմաթիվ հանցագործություններ, որոնցից շատերը մնում են անպատիժ: Ստացվում է, որ որոշ ուժեր ջատագովում են հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունն ու ապօրինությունները, որ ոմանց համար չափազանց ձեռնտու են այդ տրամադրությունները: Ինչու՞: Ովքե՞ր են այդ «հայրենասիրական»  ուժերը, որոնք այսօր Ռուսաստանում հաստատում են նոր իրողություններ և նոր «մտածողություն», հատկապես հայերին ջանում դուրս մղել այն տարածքներից, որոնք կյանքի են կոչվել նաև հայերի անմիջական ջանքերով և ներդրումներով: Ռուսաստանի սևծովյան շրջանի շատ բնակավայրերում հայերն ապրում են մի քանի հարյուր տարի, Դոնի Ռոստովը նաև հայկական քաղաք է, որովհետև այն կառուցվել է հայ միլիոնատերերի նվիրատվություններով և միջոցներով, այս նահանգում հայերի ներդրումները ոչ միայն նկատելի, այլև հիմնարար են: Սակայն այսօր որոշ իշխանավորներ չեն կամենում հաշվի նստել պատմական իրողությունների և փաստերի հետ, չեն կամենում Ռուսաստանի բնիկ համարվող հայերի իրավունքները պաշտպանել` նույն պահին կուլ գնալով ադրբեջանական «հուշումներին»: Այդ «հուշումները» վկայությունն են այն բանի, որ շատ հաճախ ռուսական տարբեր «կալիբրի» իշխանավորներն ու պաշտոնական Մոսկվան առաջ են մղել ադրբեջանական ու թուրքական շահերը` հավանաբար գիտենալով ու համոզված լինելով, որ հայերի կողմից հակազդեցություն չի լինելու…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Scroll Up