«Nouvelles d’Arménie». Մեծ ազգերը սկզբունքների եւ բարոյականության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանք պետք են իրենց ռազմավարությանը

Ալբերտ Գրիգորյանի հոդվածը` «Nouvelles d’Arménie» պարբերականում:

Ֆրանսիայում, Եվրոպայի մյուս երկրներում, Հայաստանում շատ է գրվել ֆրանսիական Սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման օրինագծի չընդգրկման մասին: Ոմանք այդ փաստը որակեցին որպես «ֆրանսիական ապտակ հայկական նախաձեռնությանը» կամ «Հայաստանի արտաքին քաղաքականության ամենալուրջ անհաջողությունները մեկը»: Մյուսների կարծիքով, «Սենատի որոշումը նախագահ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» հետեւանք էր» կամ «պահը հարմար չէր, քանի որ Ֆրանսիան զբաղված էր Լիբիայի եւ աֆրիկյան մյուս հարցերով…»:
Անձամբ ես կարծում եմ, որ մերժման պատճառներն ավելի խորն են: Իհարկե, ֆրանսիացի օրենսդիրները նախագիծը Սենատի օրակարգում չընդգրկելն արդարացրին` ասելով, թե այն կարող է ձախողել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նույն փաստարկն ամեն տարի նախագահի ապրիլի 24-ի ուղերձի կապակցությամբ օգտագործում է ԱՄՆ վարչակազմը… Սակայն այդ ձեւակերպումներն ընդամենը քողարկում են իրական պատճառը. Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի պետական շահերը գերակա են բոլոր մյուս նկատառումների կողքին:
Ժամանակակից Թուրքիայի տնտեսական կշիռը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, ռազմավարական դիրքն ու տարածաշրջանային քաղաքական նշանակությունն այն գործոններն են, որ ճնշում են գործադրում ֆրանսիական եւ ամերիկյան պետությունների վրա: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի շահերը նաեւ հայկական ծագմամբ ֆրանսիացիների եւ ամերիկացիների շահերն են:
Մեծ ազգերը սկզբունքների եւ բարոյականության մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանք համապատասխանում են իրենց ռազմավարությանը: «Պետական գործերում իրավունքն իշխանություն (քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական) ունեցողի կողմն է, իսկ նա, ով թույլ է, ընդհանուր առմամբ մեծամասնության համար ճիշտ չէ»,- ասում էր Ռիշելյեն: Նույն պետական շահերից ելնելով` մեծ գաղութային տերություններն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աչք փակեցին եւ թույլ տվեցին երիտթուրքերի կառավարությանը գործել: Մենք գիտենք հետեւանքները… Հայերը զոհաբերվեցին պատմությանը այն ժամանակվա մեծ տերությունների անտարբերության պայմաններում: Նույն սցենարը նույն հետեւանքներով կրկնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. թուրքերի փորձը ոգեշնչեց նացիստներին, սակայն հայերի փորձը դաս չեղավ հրեաների համար… Պատմությունը զիջողամիտ չէ թուլության հանդեպ: Պատմությունը չի ներում վատ աշակերտներին…

Պրագմատիզմն ու ռեալիզմն են իշխում աշխարհում: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մյուս տերությունների պետական վարչակազմերում հիմնականում ընդգրկված են տեխնիկական կրթություն ունեցողները, Արվեստների եւ արհեստների բարձրագույն դպրոցի, Կառավարման ազգային դպրոցի կամ դրանց ամերիկյան համարժեքի շրջանավարտները: Նրանց համար բարոյականությունը հաճախ հույզերի ոլորտից է: Այլ կերպ ասած` անօգուտ է հավատալ նախընտրական խոստումներին: Ֆրանսիական ասացվածքն ասում է. «Ոչ ոք քեզանից լավ քո մասին հոգ չի տանի…»

Թույլ չենք տա պատմությանը կրկնվել, երբեք… Երկար ժամանակ պետականությունից զրկված եւ դարեր շարունակ բաժանված ու կառավարվող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի, ցարական Ռուսաստանի մեջ բաժանված Հայաստանը դարձյալ անկախություն ձեռք բերեց Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Հարավային Կովկասը ցնցած հուզումներից հետո: 1917 թվականին Ռուսական կայսրության փլուզումը Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծեց քաղաքական վակուում եւ 1918-ին բերեց Հայաստանի առաջին Հանրապետության ծնունդին:

Անկայուն գոյության 2,5 տարիներից հետո այն զիջեց քեմալական Թուրքիայի եւ բոլշեվիկյան Ռուսաստանի դավադրությանը: 1920թ. նոյեմբերի 29-ին ծնվեց Հայաստանի երկրորդ` Խորհրդային Հանրապետությունը, որը Հայաստանի տարածքի միայն մի փոքր հատվածն էր: 70 տարի անց Խորհրդային Միության փլուզումը թույլ տվեց Հայաստանին ձեռք բերել վերջնական անկախություն: 1991-ին Հայաստանի Երրորդ Հանրապետության ծնունդը ցավոտ էր: Դրան նախորդել էր 1988-ի երկրաշարժը, իսկ դրանից հետո եղան պատերազմը Լեռնային Ղարաբաղում եւ ցուրտ ձմեռներ, բայց Հայաստանի ժողովուրդը հաղթանակած դուրս եկավ այդ փորձություններից:
Այսօր մենք վերջապես ունենք պետականություն  եւ հայրենիք, որտեղ կարող ենք ջանադրել` աշխարհը (այս դեպքում` հայկական) շրջելու համար, ինչպես կասեր Արքիմեդը: Մնում է, որ Հայաստանը եւ Սփյուռքը Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համատեղ զարգացնեն հայկական աշխարհը, որ պատմության առջեւ նոր սխալ թույլ չտանք:

Այժմ ազգի բուժամիջոցների փնտրտուքի, անլիարժեքության բարդույթից ազատվելու, Ցեղասպանության հետեւանքով մեզ հետապնդող զոհի կարգավիճակից դուրս գալու, Հայաստանի անկախությանը նախորդած որոշ դրույթներն արխիվ ուղարկելու, ժամանակակից հաղթական պատմության հիման վրա նորերը ստեղծելու ժամանակն է, պատմական հնարավորությունից օգտվելու ժամանակն է: Մենք առաջ չենք գնա, եթե կարծում ենք, թե 1915-ի հարվածն անհաղթահարելի է:

Հայկական ազգ-պետության (պետական նկատառումներ եւ ազգային շահեր) ավանդույթների վերականգնումը եւ հայկական հասարակության ժողովրդավարացումը բացարձակ առաջնահերթություն են: Հայաստանի ապագան կառուցվում է այսօր. վերաիմաստավորենք այն պրագմատիզմով եւ ռեալիզմով, ինչպես անում են մեծ ազգերը: Լավագույն պատասխանը, որ պատմությանը եւ 1915-ի Հայոց ցեղասպանությանը կարող է տալ հայկական աշխարհը, հայոց պետականության, քաղաքական, տնտեսական, ֆինանսական, դիվանագիտական նախագծման եւ, հատկապես, ռազմական պաշտպանության կարողության ամրապնդումն է:

Ստի կամ դիակների վրա կառուցված կայսրություններն ու արհեստական քաղաքական կառույցները  դատապարտված են կործանման: Անազնիվ միջոցներով ձեռք բերված բարիքը երբեք օգուտ չի տալիս: Ի վերջո, դրանք կկործանվեն: Պետք է պատրաստ լինել դրան:

Scroll Up