«Նա, ով այդպես էլ մանկություն չունեցավ». թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Գիրիշջյան-Քուրդյանի մահվանը

Թուրքական մամուլն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերջին վկաներից կանադաբնակ Սիրվարդ Գիրիշջյան-Քուրդյանի՝ 106 տարեկանում մահվան լուրին:

Որոշ թուրքական կայքեր հատուկ անդրադարձներ են պատրաստել Հայոց ցեղասպանության՝ արմատներով էրզրումցի հայ վերապրածի կյանքի մասին: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

Գիրիշջյան-Քուրդյանի մահվան մասին գրել են թուրքական gazetekarinca.com, «Էվրենսել», demokrathaber.org, artigercek.com, «Բիրգյուն», reddit.com և այլ կայքեր ու պարբերականներ, ինչպես նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ն ու «ՀայԹերթ»-ը:

Թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը նախընտրել են լուրի մեջ կիրառել «1915» ձևակերպումը, որոշները՝ «Հայերի աքսոր», մի քանիսն էլ օգտագործել են «ցեղասպանություն» եզրույթը:

Հատկանշական է, որ «Բիրգյուն» պարբերականը, որն առաջինն է հաղորդել լուրն ու լուրի հենց վերնագրում կիրառել ցեղասպանություն բառը, ավելի ուշ արժանացել է մյուս թուրքական լրատվամիջոցների սուր քննադատությանը, շատերը նման ձևակերպումը խնդրահարույց ու սկանդալային են համարել:

Սիրվարդ Գիրիշջյան-Քուրդյանը 1915-ին կորցրել է հորն ու եղբայրներից մեկին, այնուհետև մոր և քրոջ ու եղբոր հետ ստիպված է եղել բռնել դեպի իրաքյան Մոսուլ գաղթի ճանապարհը: Ցեղասպանությունից հետո ընտանիքի մայրը որոշում է կայացրել տեղափոխվել Հալեպ, իսկ երեխաներին ստիպված է եղել ժամանակավորապես հանձնել տեղի կաթոլիկ մանկատներից մեկը: Գաղթի ճանապարհին ձեռք բերած հիվանդության հետևանքով կուրանալու վտանգի առաջ կանգնած Սիրվարդն այստեղ բուժում է ստացել, իսկ մայրն, իմանալով աղջկա հիվանդության մասին, շտապ վերադարձել է ու հետ վերցրել դստերը մանկատնից:

15 տարեկան հասակում Սիրվարդ Գիրիշջյանն ամուսնացել է Հալեպ հասած մեկ այլ էրզրումցի հայի՝ Խաչիկ Քուրդյանի հետ: Ընտանիքի ապրուստը հոգալու հարցում ամուսնուն օգնելու նպատակով ավանդական ասեղնագործությամբ զբաղվող Գիրիշջյանն ավելի ուշ համայնքում մեծ ճանաչում է ձեռք բերել: Չորս երեխաների մայրը 1960-ականներին ամուսնու հետ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ է տեղափոխվել, որտեղ ավելի ուշ կորցրել է ամուսնուն:

Արդեն 1991-ին Քուրդյան-Գիրիշջյան ընտանիքը հասել է Կանադա: Այստեղ մինչ 102 տարեկան հասակը Գիրիշջյանը Տորոնտոյի հայկական եկեղեցիների համար նախշազարդ ասեղնագործական աշխատանքներ է պատրաստել:

Սիրվարդ Գիրիշջյան-Քուրդյանի կյանքին անդրադարձած լրատվամիջոցներից շատերը հաճախ մեջբերում են նրա կյանքի այն դրվագը, երբ Տորոնտոյում ապրելու տարիներին տեղի հայ համայնքի հոգևոր առաջնորդը, այցելելով նրա տուն, հարցրել է, թե ինչ կուզեր ունենալ ծեր կինը: Ի պատասխան դրա՝ այդ ժամանակ 102-ամյա Սիրվարդը նշել է. «Մանկություն կուզեի ունենալ, երբեք այդպես էլ չունեցա»:

Scroll Up