Աշխատել միասին՝ չվարանելով հեռավորությունից, դժվարություններից ու մարտահրավերներից

Նոյեմբերի 6-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Արթուրո Կետիկյանին: Նա ՀԲԸՄ-ի երկարամյա նվիրյալ գործիչ է, մեծ ներդրում ունի Հարավային Ամերիկայի, մասնավորապես Արգենտինայի հայկական համայնքների մշակութային կյանքի աշխուժացման և զարգացման գործում:

Ռուբեն Արթուրո Կետիկյանը հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ է: Այս անգամ եկել է ՀԲԸՄ-ի, Արգենտինայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունների նախաձեռնությամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում համատեղ իրականացվելիք ծրագրի հետքերով:

Մխիթար Հայրապետյանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ հյուրը նշեց, որ այն նախատեսված է Հայաստանի փոքրիկ գյուղերի ֆերմերների համար, և Արգենտինայից ժամանած մասնագետները վերապատրաստումների և խորհրդատվությունների ձևաչափով փորձելու են օգնել նրանց լուծելու գյուղատնտեսական խնդիրները: «Երկրորդ անգամ են մասնագետները Հայաստան գալիս: Արգենտինայում գյուղատնտեսությունը տնտեսության գերակա ճյուղն է, ներդրված են նորարար տեխնոլոգիաներ»,-նշեց Կտիկյանը՝ հավելելով, որ այս միջոցով փորձ է արվում նաև Արգենտինայի հաջողված փորձը տեղայնանցնել Հայաստանում:

Անդրադառնալով արգենտինահայ համայնքին՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրենը նշեց, որ այսօր Արգենտինայում ապրում է շուրջ 120.000 հայ, որից մոտ 80000-ը Բուենոս Այրեսում  և 7000-ը՝ Կորդոբայում: «Անցած տարի նշեցինք Արգենտինայի ՀԲԸՄ-ի 107-ամյակը: Այստեղ հայերը մեծ համբավ ունեն, կայացած են և չնայած հեռավորությանը՝ կապված են հայրենքին: Փորձում ենք ակտիվացնել մշակութային կյանքը: Ամեն ամիս կազմակերպում ենք հայկական ֆիլմերի ցուցադրություններ, ներկայացնում ենք հայկական խոհանոցը, ունենք սկաուտական խմբեր, շուրջ 700 հայ երեխա հաճախում է սպորտի, ներկայումս Բուենոս Այրեսում գործում են 7 կրթական ամենօրյա հաստատություններ: Ունենք փոքրիկ ճաշարան, որը բացվում է ուրբաթ և շաբաթ օրերին, աշակերտների մայրիկներն ուտեստներ են պատրաստում, իսկ երեխաները մատուցում են այցելուներին: Տարվա ավարտին հավաքված գումարով աշակերտներն այցելում են Հայաստան: Միայն այս նախաձեռնության շնորհիվ 780 հայ երեխա է այցելել Հայաստան»,-նշեց Ռուբեն Արթուրո Կետիկյանը:

Այս ամենով հանդերձ՝ հյուրը համայնքի ձուլման, հայերենի մոռացության, հայոց լեզվի ուսուցիչների ուսուցման և վերապատրաստման անհրաժեշտության կապակցությամբ մտահոգություն հայտնեց:

Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ սփյուռքի կրթական խնդիրները նախարարության համար թիրախային են, և սփյուռքի նախարարության  նախաձեռնությամբ շուտով կձևավորվի կրթական հանձնաժողով, որը համայնքերի հետ անհատական աշխատանքով կուսումնասիրի կրթական հիմնախնդիրներն և կառաջարկի լուծումներ: «Փորձ է արվում նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ աջակցել սփյուռքին: Շատ համայնքեր ակնկալում են, որ Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքի նախարարությունը պետք է դերակատարություն ունենան: Այսօր մենք նախևառաջ սփյուռքը խորությամբ ճանաչելու խնդիր ունենք, ընդհանրական մոտեցումը երկար տարիներ արդյունավետ չի եղել: Դուք հեռու եք մեզնից, սակայն մենք պիտի աշխատենք միասին առանց վարանելու հեռավորությունից, դժվարություններից ու մարտահրավերներից»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտապես լինել կապի մեջ և ամրապնդել կապերը:

Scroll Up