Ավստրալահայ հայրենադարձ ընտանիքը տպավորված է հայաստանյան ջերմ ընդունելությունից

Արա Աղաջանյանը կնոջ՝ Մարինա Հովհաննիսյանի և երկու երեխաների հետ Հայաստան են են վերադարձել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից: Մեկ ամիս էլ չկա, որ նրանք հաստատվել են Երևանում, վայելում են Հայրենիքի աշնանային արևն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը: Արան ծնվել է Թեհրանում, ապա նրա ընտանիքը 1976 թվականին գնացել է Անգլիա, որտեղ հինգ տարի ապրելուց հետո՝ տեղափոխվել են Ավտրալիա: Օտար դպրոց գնալու պատճառով հայերեն լավ չի խոսել, սակայն ծնողները միշտ հորդորել են թեկուզ անվարժ, սակայն հայերն խոսել և չհեռանալ արմատներից:

Արան Սիդնեյում երկու տարի «Արարատ» միությունում հաճախել է բասկետբոլի և թենիսի պարապմունքների: Ընդհատված կապը միության հետ վերականգնվել է երեխաների միջոցով, որոնք նույնպես հաճախել են տարբեր խմբակներ:

Խոսելով  Սիդնեյի հայկական համայնքի մասին՝   Արան ընդգծեց, որ բավականին ակտիվ, համախմբված համայնք է գործում, հայապահպանությունն այստեղ ամուր հիմքերի վրա է գտնվում, իսկ համահայկական կառույցներն ու եկեղեցին իրենց առաքելությունը  հետևողականորեն են կատարում:

«Ավստրալիայում լավ են ընդունել մեզ, սակայն, միևնույն է, օտար հողի վրա ճնշված էինք զգում, այդ պատճառով էլ միշտ Հայաստան վերադառնալու ուղիներ էինք որոնում: Վճռական քայլ կատարելով՝ վերջապես այս տարի հայրենադարձվեցինք»,«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Արա Աղաջանյանը՝ հավելելով, որ վերադառնալու հիմնական շարժառիթը եղել է երեխաների ապագայով մտահոգ լինելը և նրանց Հայաստանում կրթություն տալը: Այժմ զբաղված են դպրոցի ընտրության հարցով: Իսկ երեխաները՝ 10-ամյա Արսենն ու 13-ամյա Գայանեն,  իրենց այստեղ շատ ուրախ են զգում, քանի որ նախկինում հաճախակի եկել են Հայրենիք, շրջել տարբեր պատմամշակութային, տեսարժան վայրերով:

Հայաստանում առաջինն ամուսինները հայերի հյուրասիրությունն ու ջերմությունն են նկատել, զարմացել են, թե ինչպես փողոցում մի քանի բառ հաղորդակցվելուց հետո՝ սրտաբաց տուն սուրճ խմելու են հրավիրում: Մարդկային այդ վերաբերմունքն  ուրիշ ոչ մի տեղ չեն տեսել:

Արան Հայաստան առաջին անգամ 2003 թվականին է եկել, 2004 թվականին գնացել է Մոսկվա, հանդիպել է ապագա կնոջը և համացանցային «հանդիպումների» արդյունքում ամուսնացել:

«Մասնագիտությամբ ինժիներ-մեխանիկ եմ, հետո մասնագիտացել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում: Վերջին քսաներեք տարին այս ոլորտում եմ աշխատանքներ կատարել և հայրենադարձվելուց հետո՝ ՏՏ-ում ներդրումներ կատարելու հեռանկար ունեմ, քանի որ նկատել եմ այս ոլորտը Հայաստանում բավականին զարգացած է: Առհասարակ, պետք է բոլորս մտահոգ լինենք մեր Հայրենիքի զարգացման համար»,-եզրափակելով խոսքն՝ ասաց Արա Աղաջանյանը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up