Սիրիահայ բժիշկը Գավառում բացել է մանկաբուժական արդիական մասնավոր կլինիկա

Գավառ քաղաքում վերջին օրերին նոր ցուցանակ է հայտնվել՝ «Առողջ բալիկ» մանկաբուժական արդիական կլինիկա անվանումով:
Ինչպես տեղեկացրեց կլինիկայի հիմնադիր, սիրիահայ բժիշկ, ազգային-հասարակական գործիչ Վարանդ Կիրակոսյանը, կլինիկայում մատուցվում են մանկաբուժական ծառայություններ: Վարանդ Կիրակոսյանը Գավառի տարածաշրջանում աշխատում է արդեն 3 տարի, սկզբում՝ Գավառի ԲԿ, այնուհետև՝ Նորատուսի բուժամբուլատորիայում, սակայն այսուհետ բժիշկն իր գործունեությունը կծավալի սեփական կլինիկայում: Վարանդ Կիրակոսյանը Գավառի հասարակությանն առաջարկում է մանկաբուժության իր նոր մոտեցումները, որոնք, ըստ նրա, մարզերում գրեթե չեն կիրառվել, սակայն բավականին արդյունավետ են:«Աշխատանքային ժամերն ընտրել եմ 16-ից մինչև 19-ը, երբ արդեն փակված են լինում պետական մանկաբուժական հաստատությունները: Մանկաբուժության համար ստեղծված են ամենաժամանակակից պայմանները:
Ես կիրառում եմ ոչ ավանդական միջոցներ՝ հատկապես դեղորայքային ինգալացիան, որը միշտ օգտագործել եմ Սիրիայում աշխատած տարիներին և գրանցել լավ արդյունքներ: Այստեղ ևս մարդիկ փաստում են, որ դա շատ արդյունավետ մեթոդ է:Այս և զանազան այլ մեթոդներով ես ժպիտ ու առողջություն եմ պարգևում մանուկներին: Արդեն կապված եմ Գավառին ու նրա մարդկանց, ինձ զգում եմ իմ հարազատ տանը, թեև Սիրիայում թողել եմ հարազատ տունս ու մանկաբուժական սեփական կլինիկան: Արդեն 15 օր է, ինչ գործում է մանկաբուժական մասնավոր կլինիկան, որն առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում: Առաջին քայլերը շատ հուսադրող են: Տեղացիները սիրում ու վստահում են ինձ՝ որպես արհեստավարժ բժշկի: Փոխադարձ վստահության այս մթնոլորտում էլ գրանցվում են արդյունավետ բուժման օրինակները»,- ներկայացրեց Սիրիայում 30 տարի մանկաբուժությամբ զբաղված Վարանդ Կիրակոսյանը:

Scroll Up