Հուսանք՝ Հայագիտական ուսման ծրագրի շնորհիվ կավելանա ուսուցիչ դառնալ ցանկացողների թիվը. Վահրամ Շէմմասեան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Նորթրիջի համալսարանի ժամանակակից և դասական լեզուների և գրականության բաժանմունքի հայագիտության բաժնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Շէմմասեանն է: Սփյուռքում հայագիտությանը, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության համար նա պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, արժանացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆրանց Վերֆել» պատվոնշանին՝ ի գնահատումն Մուսա Լեռան հերոսամարտի մասին իր գիտական աշխատությունների:

– Պարո´ն Շէմմասեան, ի՞նչ կարող եք պատմել Հայագիտական ուսման ծրագրի մասին (Armenian Studies Program):

 – Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի Հայագիտական ուսման ծրագիրը հիմնադրվել է 1983թվականին: 2018-2019թթ. ուսումնական շրջանը մեզ համար հոբելյանական է. լրանում է մեր 35-ամյակը: 35 տարի առաջ Հայագիտական ուսման ծրագիրը գործարկվեց սկսնակների համար, հիմա ունենք 14 առարկա՝ լեզու, գրականություն, մշակույթ և այլն: Նշեմ, որ համալսարանն այսօր մոտ 40.000 ուսանող ունի, որի 10 տոկոսը հայեր են: Այսինքն, յուրաքանչյուր տարի մենք 4000 հայ ուսանող ենք ունենում: Սա նշանակում է, որ մեր բուհ-ը Երևանի պետական համալսարանից հետո ամենաշատ հայ ուսանողներ ունեցողն է: Մեծ ներուժ ունենք:

Հայկական ուսման ծրագիրը մաս է կազմում համալսարանի Ժամանակակից և դասական լեզուների և գրականության բաժանմունքին, որտեղ ուսուցանվում են նաև իտալերեն, ճապոներեն, իսպաներեն և բազմաթիվ այլ լեզուներ:

Մեր ծրագրի շրջանակներում մատուցվում է Հայկական մասնագիտություն (Languages and Cultures Major/Armenian Option) և կամընտրական (Armenian Minor): Դասավանդվում են նաև Ամերիկահայ մանուկը (Armenian American Child), Ժամանակակից հայկական հարցեր (Contemporary armenian Issues) և Հայ կնոջ փոխվող դերը (Changing Role of Armenian Women) առարկաները: Վերջինս, չեմ կարծում, թե որևէ այլ տեղ ուսուցանվում է: Ես և մի այլ դասախոսուհի փոխնիփոխ ենք դասավանդում. շատ հետաքրքիր է, երբ աղջիկներն ու տղաները հաճելի մթնոլորտում բանավեճի են բռնվում այս թեմայի շուրջ: Ցավոք, ո´չ Ամերիկահայ մանուկը, և ո´չ էլ Հայ կնոջ փոխվող դերը առարկաների համար դասագրքեր չկան:

Դժբախտաբար, ամեն բան նյութական է դարձել, աշխարհն է նյութական դարձել, հետաքրքրությունները քիչ են, շատերը չեն ցանկանում ուսուցիչ դառնալ: Եվ նման պարագայում ցանկանում ենք, որ հայերենի ուսուցիչներ մեջտեղ գան: Մինչև վերջերս հայկական վարժարանների ուսուցիչները գալիս էին Լիբանանից, Սիրիայից, Իրանից, հիմա նաև Հայաստանից: Մտածեցի, ինչո՞ւ մեր ուսուցիչներին Ամերիկայում չպատրաստենք՝ մեր պահանջներին համապատասխան: Չէ՞ որ այստեղի մտահոգությունները, մտածելակերպը, ազդեցությունները, ակնկալիքները, հոգեբանությունները տարբեր են: Պետք է այդ ամենին ծանոթ լինել, որպեսզի կարողանաս հաջողել: Հուսանք, որ մեր ծրագրի շնորհիվ կամաց-կամաց, կաթիլ-կաթիլ կավելանա ուսուցիչ դառնալ ցանկացողների թիվը և ապագայում այդ բացը կվերանա:

Դժվար է հոսանքի դեմ նավարկելը, մարդիկ ուսուցչության մեջ շատ շահ չեն տեսնում, թեև հանրային վարժարանում ուսուցիչները վատ չեն վարձատրվում: Շահեկան է հատկապես երիտասարդների համար: 21-22 տարեկանում վկայագիր ես ստանում և տարեկան 40-45 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ ստանում: Հայաստանի համեմատ՝ հսկայական գումար է: Ամերիկյան չափանիշներով էլ վատ չէ, հատկապես, որ ամռանն արձակուրդ ես ունենում, առողջապահության ապահովագրություն են տալիս:

Բայց միայն ուսուցչի հարցը չէ: Ամերիկյան շատ ընկերություններ Հայաստանի հետ տարբեր գործարար ծրագրեր են իրականացնում, որոնց պետք են նաև հայերեն իմացող մասնագետներ: ԱՄՆ ոստիկանությունը պարբերաբար հայտարարություններ է տալիս թերթերում, որ փնտրում է հայերենի իմացությամբ մարդ: Երբեմն խնդիրներ են առաջանում համայնքի և ոստիկանության միջև, հատկապես, երբ Ամերիկա նոր եկածներն անգլերենին չեն տիրապետում: Շատ հիվանդանոցներ հայերենի իմացությամբ բուժքույրերի, քարտուղարների կարիք են ունենում: Այսինքն, միայն ուսուցչության մեջ չէ, որ հայերենի իմացությունը պետք է գալիս:

Երբ մտնում եմ լսարան, ես պրոֆեսոր եմ, մեկ այլ պարագայում՝ Հայագիտական ուսման ծրագրի վարիչ, հաջորդ տարի արդեն 15 տարի կլինի: Իբրև դասախոս՝ յուրաքանչյուր կիսամյակի բեռս 4 դաս է:

Ինքս, օրինակ, ուսուցչությանը զուգահեռ ներգրավված եմ նաև հանձնախմբային աշխատանքներում: Պիտի հրատարակես, գիտաժողովների մասնակցես, համայնքում պետք է հարաբերություններ մշակես  և այլն: Հաճախակի նաև դրամահավաքներ ենք կազմակերպում: Վերջին 3 տարվա ընթացքում խոշոր գումարներ ենք հավաքել մեր ծրագրի համար:

Ունենք նաև հայ ուսանողական միություն, որը բավականին աշխույժ կառույց է: Կազմակերպում են հայ մշակույթի օրեր, հիշատակում Հայոց ցեղասպանության նահատակներին, դասախոսական ելույթներ են ունենում, համագործակցում են տարբեր ուսանողական միությունների հետ, ճամբարների են մասնակցում:

Համալսարանում գործում է նաև Հայկական ուսման ծրագրի «Շրջանավարտների և բարեկամների» խմբակ, որը տարեկան 1-2 ձեռնարկ, միջոցառում է իրականացնում, ճաշկերույթ, որի ընթացքում մոտ 10-15 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքվում:

– Բացի ձեզանից այլ հայ պրոֆեսորներ կա՞ն համալսարանում:

– Տարբեր մասնագիտական բաժանմունքների մեջ կան բավականին հայ դասախոսներ, իսկ մեր բաժանմունքում կա այցելու պրոֆեսոր, դոկտ. Յասմիկ Պարանը՝ 5-րդ դասապահի համար:

Մենք պարբերաբար կազմակերպում ենք նաև գիտաժողովներ: Օրինակ՝ մայիսի 5-6-ը ՀՅԴ Արևմյան թևի հետ կազմակերպեցինք միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ 100-ամյակին: Հայաստանից ժամանել էին 3 հոգի՝ Ամատունի Վիրաբյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, ինչպես նաև դասախոսներ Արգենտինայից, Անգլիայից, Լիբանանից և Միացյալ Նահանգներից:

Համալսարանը ակտիվ կապ է պահում նաև հայկական համայնքի հետ, ինչը շատ կարևոր է:

– Դուք սովորել եք Բեյրութի Հայկազյան համալսարանում: Կպատմեք այդ մասին:

– 1973 թվականին եմ ավարտել Հայկազյան համալսարանը, այնուհետև ուսանեցի Բեյրութի ամերիկյան համալսարանում, ընկերաբանության մագիստրոսի ուղղությամբ: Թեզս «Հայրենակցական միությունները որպես հնի և նորի միջև կամուրջ» թեմայով էր: Նյութերն արդեն հավաքել էի, բայց 1976 թվականի մարտին ռումբ ընկավ մեր տան վրա և 46-ամյա մայրս մահացավ, իսկ մենք վիրավորվել էինք: Այդ դեպքից հետո ես Այնճար գնացի, հետո տեղափոխվեցի ԱՄՆ, նորից ուսում ստացա այն հույսով, որ պատերազմը կվերջանա, կվերադառամ Բեյրութ և թեզս կավարտեմ, բայց չկարողացա և ամեն ինչ կիսատ մնաց, ինչի համար շատ եմ ափսոսում:

Ամերիկայում ուսանեցի նաև UCLA-ում, PhD-ս Ռիչարդ Հովհաննիսյանի ղեկավարությամբ արեցի:

Միշտ պետք է քաջալերել երիտասարդներին: Հայաստանը, օրինակ, մեծ ներուժ ունի, գիտական միտքը զորավոր է, խելացի մասնագետներ ունի, IT ոլորտում շատ են հզորացել: Թեև հուսալքություն, հուսախաբություն կա, բայց ներքնապես չկոտրվող ժողովուրդ են հայերը: Նրանց միակ ցանկությունն է, որ ղեկավարությունն իր ոգին վեր բարձրացնի: Եթե ղեկավարությունը կարողացավ դա անել, ապա շատ բան կփոխվի, ժողովուրդը կսկսի հավատալ, վստահել: Նույնն է նաև դասարանում, լսարանում, եթե միշտ ուսանողներիս քաջալերեմ, ասեմ՝ դուք լավն եք, կարող եք, մի քիչ ավելին պետք է անեք, շատ լավ արդյունք կարող է տալ: Միշտ էլ դրական մոտեցումը արդյունք է տալիս, քան ժխտականը: Միշտ պետք է ուսանողի ոգին բարձր պահել:

Սփյուռքում մեծ հետաքրքրությամբ էին հետևում Հայաստանում գարնանը ծավալվող իրադարձություններին, մեծ խանդավառություն, ցույցեր, հյուպատոսարանի, Գլենդելի քաղաքապետարանի առջև: Լավ է՝ արյունահեղություն չեղավ, տոնական մթնոլորտ  էր տիրում,  բանակը չխառնվեց: Հայաստանը փոքր երկիր է և´ աշխարհագրորեն,  և´ բնակչության իմաստով, թշնամիներով շրջապատված է: Ղեկավարությունն ամեն ինչ պետք է անի, որ երկրի կենսամակարդակը բարձրանա, մենաշնորհը վերացվի և մարդիկ սկսեն արժանապատիվ կյանքով ապրել:

Զրուցեց Էլիզ Գևորգյանը

Scroll Up