Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Արգենտինայի հայոց թեմ

Շարունակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Արգենտինայի հայոց թեմ

Մայիսի 12-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց Արգենտինայի հայոց թեմ` ուղեկցությամբ պատվիրակության և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի:

Նորին Սրբությանը դիմավորեցին Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի անդամներ և վարչականներ, բազում հավատացյալներ: Վեհափառ Հայրապետին դիմավորելու էին եկել նաև Արգենտինայի կրոնի փոխնախարար Խուան Լանդաբուրուն և երկրի իշխանությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով Նորին Սրբությանը` փոխնախարար Խուան Լանդաբուրուն հատկապես նշել է. «Արգենտինաբնակ հայերը մեծապես հարգված են Արգենտինայում և իրենց գնահատելի ու ստեղծարար կյանքով ու գործերով միշտ վայելում են իշխանությունների բարյացակամությունն ու աջակցությունը»: Բուենոս Այրեսում Նորին Սրբության պատվիրակությանը միացել նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը:

Բուենոս Այրեսում  Նորին Սրբությունը հանդիպել  քաղաքի կառավարության ղեկավար Մավրիսիո Մակրիի հետ, ով էլ Բուենոս Այրես քաղաքի կառավարության կողմից Վեհափառ Հայրապետին հռչակեց  Բուենոս Այրեսի պատվավոր այցելու: Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Բուենոս Այրեսի և Արգենտինայի իշխանություններին արգենտինաբնակ հայորդիների հանդեպ դրսևորած շարունակական զորակցության, հայ-արգենտինական միջպետական հարաբերությունների սերտացման, ինչպես նաև մեր ժողովուրդների  և Բուենոս Այրես ու Երևան քույր քաղաքների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն ուղևորվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր խոսքն ուղղեց հավատացյալներին. §Սիրելինե´ր, ի սփյուռս աշխարհի հանուր հայության կյանքում Եկեղեցին է, որ փրկչական տերունապատվեր առաքելությամբ նաև համախմբում է հայ ժողովրդին և Աստծո օրհնության ներքո անսասան պահում նրա ազգային-քրիստոնեական դիմագիծը: Դարեր շարունակ Եկեղեցին է եղել և այսօր էլ է պատվարն ու խնամարկուն մեր ազգի, Եկեղեցին է, որ զորացնում է ազգին դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում և ոգեշնչում նոր արարումների` հանուն հայոց բարօր ներկայի և պայծառ գալիքի: Եկեղեցին լոկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է: Եկեղեցին դուք եք` հավատավոր ձեր կյանքով ու գործերով: Հիրավի, մեր ժողովրդի պատմությունը նման է Քրիստոսի երկրավոր կյանքի ընթացքին: Եղել են չարչարանքներ, խաչելություն, Ցեղասպանության գողգոթա, բայց հարության հավատքի հաղթանակն է պսակել հարատևությունը ազգի և Հայոց Եկեղեցու: Այդ հաղթանակն է, որ այսօր երևում է տիրախնամ թեմում ձեր ձեռքբերումների մեջ, արտացոլվում եկեղեցանվեր ու ազգասեր ձեր կյանքի ընթացքներում»: Հրաշափառի արարողությունից հետո Նորին Սրբությունը հանդիպեց թեմական խորհրդի անդամների, համայնքի ներկայացուցիչների հետ` քննարկելով ներհամայնքային հարցեր:

Էկումենիկ արարողություն Բուենոս Այրեսում` Հայոց Հայրապետի այցելության առիթով

Արգենտինայի հայոց թեմ հովվապետական այցի շրջանակներում մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական դպրոց, որի հանդիսությունների սրահում հավաքվել էին Բուենոս Այրեսի հայկական յոթ դպրոցների աշակերտները:

Երեխաները հաց ու աղով, ուրախության գոչյուններով դիմավորեցին Վեհափառ Հայրապետին: Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց մանուկ և պատանի հայորդիների հետ այս հանդիպման առիթով` գովելով դպրոցների բարերարների, հոգաբարձուների, մանկավարժների և ծնողների խնամքն ու հոգածությունը հայ դպրոցների նկատմամբ: Վեհափառ Հայրապետը հորդորեց դպրոցականներին նախանձախնդիր լինել ուսման մեջ, քաջ իմանալ մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու պատմությունը, լավ սովորել մայրենի լեզուն և առավել զորանալ հավատքի, եկեղեցանվիրումի ու հայրենասիրության մեջ:

Նույն օրը Հայոց Հայրապետն այցելեց Արգենտինայում ՀՀ դեսպանատուն, իսկ երեկոյան Բուենոս Այրեսի կաթոլիկ տաճարում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն: Ներկա էին Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ և հավատացյալներ, բազմաթիվ հայ հավատացյալներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորաբար նշեց. «Քաղցրությամբ ենք հիշում, երբ 2001 թ. Հայոց Մեծի դարձի 1700-ամյա հոբելյանին մեզ խնդակից եղան Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Ալեքսի Բ պատրիարքը, Ուղղափառ Եկեղեցիների պետեր, Անգլիկան, Ավետարանական Եկեղեցիների ներկայացուցիչներ, Եկեղեցիների հոգևոր սպասավորներ: Հակառակ ծերունազարդ տարիքին ու մարմնական տկարության` եղբայրական այցով և իր աղոթքներով այդ օրերին մեզ և մեր ժողովրդի հետ էր բոլորիս կողմից սիրված և անմոռանալի, այլևս մեր քույր Կաթոլիկ Եկեղեցու կողմից երանելի հռչակված Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը»: Արարողության ավարտից հետո կաթոլիկ տաճարում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ Նորին Սրբությունն աղոթեց Ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության և հանգստության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն մասնակցեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված հանդիսությանը

Մայիսի 14-ին Նորին Սրբությունն այցելեց Հայ Օգնության Միության ծերանոց և իր օրհնությունը բերեց ծերանոցում ապաստանած տարեցներին` բարձր գնահատելով ՀՕՄ-ի անդամների խնամատար և հոգածու գործունեությունը:
Վեհափառ Հայրապետն այցելեց նաև Հայ մշակութային միություն, որտեղ երիտասարդները հանդես եկան պարային գեղեցիկ կատարումներով:

Երեկոյան Նորին Սրբությունը մասնակցեց գրող և մանկավարժ Պետրոս Հաճյանի գործունեության 60-ամյակի հանդիսությանը և ուսուցչական ու գրական բեղուն առաքելության և եկեղեցանվեր վաստակի համար Պետրոս Հաճյանին շնորհեց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը:

Այնուհետ Նորին Սրբությունը մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: Վեհափառ Հայրապետն իր խոսքում ի մասնավորի ասաց. «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամները մեր ժողովրդին ծառայել են հավատավոր հոգով, սիրով ու նվիրումով` առաքելական պատվերի համաձայն, թե` «մի մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն» (Եբր. 13.16): Նրանց առաջնորդել են աշխարհասփյուռ հայության հոգսերը կիսելու, ազգային կյանքը զորավոր պահելու նպատակները, մեր ժողովրդի լուսավոր գալիքի հեռանկարները, որոնց կյանքի կոչմանը մասնակցել են իրենց սրտաբուխ նվիրատվություններով, ազնիվ ջանքերով ու ամեն սատարումով: Ահա այսօր մեկդարյա գործունեության ծանրաբեռն վաստակով իր հարյուրամյա հոբելյանն է տոնախմբում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի մասնաճյուղը, որը զգալի ներդրում ունի Արգենտինայի հայ համայնքի ձևավորման ու բարօրության, Արգենտինայի հայոց թեմում հոգեխնամ առաքելության կազմակերպման գործընթացներում»: Գնահատարժան գործունեության համար Վեհափառ Հայրապետը պարգևների արժանացրեց Բարեգործականի Բուենոս Այրեսի մասնաճյուղի անդամների. տիար Ռոբերթո Մալխասյանը և տիկին Ռոսիթա Յուսուֆյանը Նորին Սրբության կողմից պարգևատրվեցին «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, իսկ տիար Հարություն Սարաֆյանը` «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

Հայոց Կաթողիկոսը պարգեւներ շնոհրեց Արգենտինայի հայոց թեմի ներկայացուցիչներին

Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական Ս. Պատարագ մատուցեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում` ի ներկայության բազմաթիվ հավատացյալների, ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչների:

Պատարագի ընթացքին եկեղեցանվեր գնահատելի գործունեության և ազգաշահ վաստակի համար արժանավոր հայորդիներ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվեցին պատվո շքանշաններով: Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց Արգենտինայի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ տիար Ալբերտո Ճերեճյանին, Վահան սարկավագ Պերպերյանին, տիար Խորխե Մյուրեքյանին, տիարք Գրիգոր Հայրապետյանին և Ռուբեն Մոզյանին շնորհվեց «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշան: Վեհափառ Հայրապետը պանակե նվիրեց թեմակալ առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին` գնահատելով Սրբազան Հոր տասնամյակների վաստակն ու հոգևոր ծառայությունը, ինչպես նաև Մայր Աթոռից բերված սկիհ ընծայեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:

Պատարագի ավարտից հետո տեղի ունեցավ մատաղաճաշ, որին ներկա էին բազմահարյուր հայորդիներ: Ճաշի ընթացքում Նորին Սրբությունը Հայրապետական օրհնության գրեր շնորհեց տիարք Սամո Սարգիսյանին, Փետրո Մուրադյանին և տիկին Դիանա Տեր-Կարապետյանին: Նորին Սրբությունն այցելեց նաև Սարդարապատ հրատարակչատուն, այնուհետ Սարդարապատի ճակատարմարտի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ աղոթեց հերոսական ճակատամարտում զոհվածների հոգիների խաղաղության համար:

Ամենայն Հայոց  Հայրապետի հովվապետական այցի վերջին օրը նրան ընդունեց Արգենտինայի նախագահը

Մայիսի 16-ին Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների և պաշտամունքի մշտական հանձնաժողովի նախագահ Ալֆրեդո Աթանասոֆի, Սահմանադրական դատարանի նախագահ Ռիկարդո Լորենսետիի և փոխնախագահ Էլենա Հայտըն դե Նոլասկոյի հետ:
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարությունում, ի պատիվ Հայոց Հայրապետի, կազմակերպվել էր ընդունելություն, որին մասնակցում էին դիվանագիտական առաքելությունների շուրջ երկու հարյուր ներկայացուցիչներ: Հանդիսության ընթացքում Վեհափառ Հայրապետը հռչակվեց Արգենտինայի կառավարության պատվո հյուր: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Արգենտինայում իշխանությունների կողմից կրոնական գործունեության համար բարենպաստ պայմանների և հնարավորությունների ապահովմանը, որով Քույր Եկեղեցիներն Արգենտինայում համերաշխությամբ և համագործակցությամբ իրականացնում են իրենց առաքելությունը:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ Արգենտինայի նախագահ տիկին Քրիստինա Կիրշների հետ: Նորին Սրբությունը ցավակցություն հայտնեց նախագահ Քրիստինա Կիրշներին նրա ամուսնու` Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշների մահվան կապակցությամբ, ում հետ Վեհափառ Հայրապետը հանդիպել էր Արգենտինայի հայոց թեմ իր առաջին Հովվապետական այցելության ընթացքում: Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ Արգենտինայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, գոհունակություն հայտնեց նախագահին Արգենտինայի հայ համայնքի վերաբերյալ գնահատանքի խոսքերի համար:

Վեհափառ Հարապետի Հովվապետական այցելությունը Բուենոս Այրես ավարտվեց մշակութային միջոցառմամբ «Թեատրո Ավենիդա» օպերային թատրոնում: Հանդես եկան հայ և արգենտինացի կատարողներ, երգչուհիներ և արվեստագետներ: Հանդիսության ընթացքում Նորին Սրբությունը, բարձր գնահատելով արգենտինահայ ազգային բարերար տիար Էդուարդո Էռնեքյանի բարեգործությունները` նրան հռչակեց Սուրբ Էջմիածնի ասպետ` մաղթելով արևշատություն և նորանոր հաջողություններ ազգաշեն ու եկեղեցաշեն իրագործումներում:

Scroll Up