Հայկական սփյուռքին վերաբերող սփյուռքի նախարարության աշխատակցի զեկույցը մեծ ուշադրության է արժանացել Դուշանբեում

Հոկտեմբերի 14-17-ը Դուշանբեում կայացել է Տաջիկստանի Հանրապետության Աշխատանքի, միգրացիայի ու բնակչության զբաղվածության նախարարության կողմից կազմակերպված «Սփյուռքի և օտարերկրյա հայրենակիցների ներգրավումը հայրենիքի զարգացման գործընթացում» թեմայով ազգային կոնֆերանսը, որին մասնակցել և զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության ու հետազոտությունների վարչության Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, կոնֆերանսին մասնակցել են Տաջիկստանի Աշխատանքի, միգրացիայի ու բնակչության զբաղվածության նախարար Սիմանգուլ Տագոյզոդան, Մարդու իրավունքների պաշտպան Զարիֆ Ալիզոդան, տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, տաջիկական սփյուռքի ներկայացուցիչներ Ղրղզստանից, Ղազախստանից, ՌԴ-ից: Կոնֆերանսի նպատակն էր ամփոփել տաջիկական սփյուռքի, ինչպես նաև արտագնա աշխատանքի մեկնող և վերադարձող միգրանտներին պետության զարգացմանը ներառելու աշխատանքները, միջազգային փորձի օգտագործումը: Այստեղ բազմիցս ընդգծվել է պետություն-սփյուռք գործակցության Հայաստանի հաջողված փորձը ընդօրինակելու անհրաժեշտությունը:

Կոնֆերանսի շրջանակներում Հովհաննես Ալեքսանյանը հանդես է եկել «Հայկական սփյուռքի ներգրավումը Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում» (“Вовлечение армянской диаспоры в процесс развития экономики Армении”) թեմայով զեկուցումով: Զեկույցի շրջանակներում ներկայացվել են ժամանակակից հայկական սփյուռքի դերակատարությունը, ՀՀ տնտեսության մեջ ունեցած ներդրումների ծավալը, ոլորտները, վերջին տասնամյակում դրամական փոխանցումների ծավալներն ու դրանց ազդեցության երկրի սոցիալ-տնտեսական կյանքում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կառուցակարգերին, սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: Հատկապես հետաքրքրություն է առաջացրել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող և սփյուռքի ու Հայաստանի երիտասարդների համար նախատեսված «ներՈւժ» ծրագիրը:

Զեկույցը մեծ ուշադրության է արժանացել, մասնակիցները հետաքրքվել են ՀՀ-ում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների կառուցման ու գործակցության ողջ շրջանակով, Սփյուռքի նախարարության լիազորություններով ու գործունեության արդյունքներով, Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների ունեցած ազդեցությամբ:

Scroll Up