«Նիկոլ Փաշինյանը մեզ հուսադրեց». սիրիահայ հայրենադարձ

Սիրիահայ Սալբի Քելեշյանը Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում՝«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի մասնակիցներից է: Սալբիի տաղավարում ներկայացված էր արծաթյա զարդեր և նրա հեղինակային կտավները:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում Սալբին ասաց, որ սկսել է նկարել շուրջ երկու տարի առաջ՝ այդպիսով արտահայտելով իր հոգեվիճակը: Հիմնականում փորձում է ուրախ թեմաներ վրձնել:
Պարզ դարձավ նաև, որ նա 2012 թվականին ընտանիքի հետ է Հայաստան տեղափոխվել, որտեղ իրեն ուրախ և ապահով է զգում:
Խոսելով հոկտեմբերի 17-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ցուցահանդես-տոնավաճառ այցին՝ Սալբի Քելեշյանն ասաց, որ նրա հետ հանդիպման ընթացքում հասցրել է իր աշխատանքները ներկայացրել և խոսել մտահոգիչ հարցերի շուրջ:
«Նիկոլ Փաշինյանը մեզ հուսադրեց՝ նշելով, որ աջակցելու և արձագանքելու է մեր խնդիրներին: Մենք էլ լիահույս սպասում ենք, որ նոր Կառավարության հետ մեր աշխատանքներն ավելի լավ են ընթանալու»,-նշեց Սալբի Քելեշյանը՝ ընդգծելով, որ նախկինում կազմակերպվող ցուցահանդես-տոնավաճառների ժամանակ նույնպես Նիկոլ Փաշինյանը պարբերաբար այցելել է սիրիահայերին, զրուցել նրանց հետ և քաջալերել: