«The Met»-ը խոսում է հայերեն

Այս օրերին հայ հնագույն մշակույթի միջազգային ճանաչման բացառիկ իրադարձություն է տեղի ունենում աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» գեղարվեստի թանգարանն առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացնում «Արմենիա» խորագրով ծավալուն ցուցահանդեսը՝ նվիրված 4-ից մինչև 17-րդ դարերի հայոց հոգևոր, պատմամշակութային և կիրառական արվեստի ժառանգությանը:

Հին հունական, եգիպտական մշտական ցուցադրությունների հարևանությամբ այցելուն հաղորդակից է լինում մարդկության քաղաքակրթության ակունքներում կանգնած ևս մի երկրի՝ Հայաստանի դարահոլով արարչական արվեստին: Ներկայացված է 140 ցուցանմուշ, որի տպավորիչ ներկայությունը ոչնչացնող ապտակ է քաղաքական, դիվանագիտական ճակատներում հայոց պատմությունը կողոպտել և յուրացնել փորձող եկվոր կեղծարարներին:

Հայկական ցուցահանդեսին հատկացված թիվ 199 պատկերասրահում օտարալեզու անհատ և խմբային այցելուների թիվը զգալի գերազանցում է հայերիս ներկայությունը, ինչը ցուցահանդեսի նկատմամբ այլազգիների դրսևորած մեծ հետաքրքրության վկայությունն է: Ամեն օր հայկական տաղավար է այցելում հազարից ավելի մարդ:

Կոմպոզիցիոն հետաքրքիր լուծում են առաջարկել ցուցահանդեսի կազմակերպիչները՝ հնագույն հիշատակարանները ներկայացված են ժամանակագրական խառը ցուցադրության սկզբունքով, որոնց հետևում հատուկ պրոյեկցիոն սարքի միջոցով պաստառի պես տարածվում են Սևանի վանական համալիրի գունավոր լուսապատկերները: Սրահում հնչում է Եկմալյանի պատարագը:

«The Met»-ում մեկտեղված են Հայաստանում, Սփյուռքի գաղթօջախներում, անհատ հավաքածուներում և աշխարհի տարբեր թանգարաններում պահվող հնագույն ժամանակներից այսօր մեզ հետ խոսող հայ մշակույթի գոհարներ: Ցուցահանդեսի ինտրիգը՝ սակավ հայտնի կամ երբևէ չցուցադրված հավաքածուներն են:

Առաջին ցուցանմուշը, որին ծանոթանում է այցելուն, վաղ քրիստոնեական մշակույթի առհավատչյա՝ IV – V դդ. Խարաբավանքի քառանիստ կոթողն է, Հայաստանի պատմության թանգարանից բերված 34 նմուշներից մեկը: Ցուցահանդեսի առանցքային թեման հայերի՝ Արարատի շուրջ ապրած առաջին քրիստոնյա ազգի մասին իրազեկումն է այցելուին: «Քրիստոնեության ընդունումից 100 տարի հետո կայացավ հայերեն գրերի գյուտը, ինչը խթանեց հայ մշակույթի ծաղկմանը միջնադարում, ընդհուպ մինչև՝ XVIII դար, երբ հայ վաճառականները վերահսկում էին Մեծ մետաքսի ճանապարհը», ասվում է ցուցահանդեսի մուտքին հանդիպող մեծադիր ծանուցման մեջ:

Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դռան մոտ, ստեղծված՝ 1200 թ.-ին, այցելուն երկար է կանգնում, ասես իր տուրքը տալով փրկության աներևակայելի ոդիսական  անցած այս մասունքին: Այն 1915-ից ի վեր առաջին անգամ է ներկայանում լայն հանրությանը: Դռան առեղծվածային փրկությանը, ինչը արկածային ժանրի սցենարին հավակնող պատմություն է, առնչվել են տարբեր ազգության մարդիկ: Այն վաճառվել է Լոնդոնի աճուրդում՝ 1996-ին, ոչ հայ, անհայտ մի գնորդի և տեղափոխվել Կանադա: Ցուցահանդեսի կազմակերպիչները մեծ ջանք են ներդրել սրբատաշ այս դուռը հանրությանն այսօր ներկայացնելու գործում: Մեր պարտքն է լինելու, ի վերջո, տուն բերել այս փրկված բացառիկ հնությունը:

Այցելուն տեղեկանում է ամերիկացի մեծահարուստ Մորգան կրտսերի՝ (J.P. Morgan Jr.) 1928-ին ձեռք բերած «Օշինի» Ավետարանի (Marshal Oshin Gospel Book), ստեղծված Սիսում՝ 1274-ին, Հեթում արքայի օրոք, ինչպես նաև 17-րդ դարի արծաթեքանդակ կազմի մասին, որոնք այս միջոցառմանը հատուկ տրամադրել էր Նյու Յորքի Մորգանի անվան գրադարան-թանգարանը:

Ուշագրավ են Միացյալ Թագավորության Մանչեսթրի թանգարանից ցուցահանդեսում ներկայացված հայկական միջնադարյան Ավետարանները (1545թ. և 1587թ.): Այցելուի առջև է Լոնդոնի Բենեդիկտյան Աբբայության վանական՝ Մեթյու Փարիզի 1259 թ.-ին հրատարակած «Համաշխարհային պատմության քրոնիկները»՝ աշխարհի հնագույն քարտեզներից մեկը, ուր նշված է Հայաստանը և Նոյան տապանի գտնվելու վայր՝ Արարատ լեռը:

Առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացվում Իտալիայից Բոլոնիայի  Մարսիլի ֆոնդում պահվող, 1691-ին Կ. Պոլսում ստեղծված՝ Արևմտյան Հայաստանի եկեղեցիների ամբողջական գծանկար քարտեզը, ինչն, ինքնին, այս ցուցահանդեսի բացառիկ նմուշներից է:

Հայ վաղ միջնադարյան մանրանկարչությունը հայտնի այլ անունների կողքին Նյու Յորքի ցուցադրությանը ներկայացված է Թորոս Ռոսլինի ծաղկած հազվագյուտ պատառիկներով, որոնք պահված լինելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում 1400 թ.-ից ի վեր երբևէ չեն տեղափոխվել:

Լուսանկարչական սարքերը բևեռացված էին անհատ կոլեկցիոների տրամադրած, 1695-ին Ամստերդամում, Թովմաս Վանանդեցու տպած առաջին հայերենագիր աշխարհի քարտեզին՝ «Համատարած Աշխարհացույցին»: Դրա կողքին 1640-50 թ.թ-ին Հնդկաստանում ստեղծված «Կալամքարի» գորգն է (Kalmakari Hanging), ինչը ստեղծված է հայկական որդան կարմիրով, որի հնարքը  հայ առևտրականներն են Մեծ մետաքսի ճանապարհով ներմուծել Հնդկաստան: Գորգը նվիրել է «The Met»-ին անհատ հավաքող՝ Ալբերտ Բլամը՝ 1920-ին:

Այցելուի հայացքը դանդաղ սահում է հայ միջնադարյան ձեռագրերի, մանրանկարչության, մագաղաթյա մատյանների, տպագիր հոգևոր գրականության, խեցեգործության, գորգագործության, ոսկերչության, քարեքանդակ արվեստի, քարտեզագրության վրայով ու ապա ուշադիր ընկալում յուրաքանչյուր նմուշի մասին պատմող գրավոր և ձայնագիր (audio) բացատրությունները: 12 -րդ դարի խաչքարը, սակայն, թարգմանչի կարք չունի: Այն ճանաչելի է օտար հանրությանը, որպես միջազգային մշակույթի գանձարանում ընդգրկված հայ ինքնության բացառիկ վկայություն: Այն «Մետրոպոլիտեն» -ի բյուզանդական սրահի մշտական ցուցանմուշն է՝ առաջին թանգարանային խաչքարը Մ. Նահանգներում, բերված՝ 2008-ին Լոռու մարզից: Հայ գրիչների, ծաղկողների, խեցեգործ, ոսկեգործ,  գորգագործ աշխատանքներից շատերը ստեղծվել են Քյոթահիայում (Կուտինա), Կեսարիայում, Վան-Վասպուրականում, Կիլիկիայում, Կ. Պոլսում, Գողթան գավառում, Նոր Ջուղայում:

Միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ 4 տարի առաջ, նախորդ իշխանության օրոք՝ Վիգեն Սարգսյանի գործուն մասնակցությամբ: Մատենադարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Էջմիածնի Մայր Աթոռի հոգևոր գանձերի ընտրանուց բերված են 82 նմուշներ: Մյուս ցուցանմուշները Սփյուռքի գաղթօջախներից են՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, Երուսաղեմի սբ. Հակոբյանց վանքի, Վենետիկի Մխիթարյան միաբանության, Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան», ԱՄՆ Արեւելյան թեմի, Միչիգանի Ալեք եւ Մարի Մանուկյան եւ Բոստոնի հայկական թանգարաններից:

«Հայ մշակույթի այսպիսի պատկառելի ընտրանի երբևէ չի ներկայացվել միջազգային հարթակում»,- նշում է «Արմենիա» ցուցահանդեսի նախաձեռնող, համակարգող, բյուզանդագետ, «Մետրոպոլիտեն»-ի գիտաշխատող՝ Հելեն Էվանսը, ով բազմիցս հաճախել է Մատենադարան, Կիլիկիայի մանրանկարչությանը նվիրված  իր դոկտորական թեզի վրա աշխատելիս: Որքան փորփրեցի, որևէ ազգակցական կապ չկարողացա գտնել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան՝ Ջոն Էվանսի հետ, սակայն մի բան փաստ է, որ «Էվանս» ազգանվակիրների հարցում հայ ժողովուրդի բախտը բերել է:

«Հայաստան» ցուցահանդեսը հնարավոր է դարձել «Հակոբ Գևորգյան» հիմնադրամի գլխավոր հովանավորչության, ՀԲԸՄ և ևս՝ 10 մասնավոր բարեգործական կազմակերպությունների և անհատների շնորհիվ: Սեպտեմբերի 22-ին բացված և մինչև հունվարի 13-ը գործող ցուցահանդեսն այդ ընթացքում ուղեկցվելու է նաև կրթական ծրագրերով, միջազգային սիմպոզիումով, դասախոսություններով, հայկական դուդուկի և երգերի կատարումներով:

Վերջում նշենք, որ այս երևույթը մշակութայինից բացի ունի նաև՝ քաղաքական ուղերձ: Սա բաց դաս է օտար մարդու, լրագրողի, քաղաքագետի համար հասկանալու այսօր քարտեզի վրա հազիվ նշմարվող, սակայն իր հնագույն պատմությամբ ու մշակույթով գերհզոր մի ազգի մասին, որի ներկայիս քաղաքական մարտահրավերները նույնն են, ինչ՝ հարյուր, հազար տարի առաջ: Այս ցուցահանդեսի մասին լուսաբանումը լայն տարածում պետք է գտնի բոլոր ձևաչափի ամերիկյան մեդիամիջոցներում: Այս հարցում ամերիկահայ ներուժի հավաքական գործողությունները պետք լինեն շատ ակտիվ:

Սարա Գասպարյան, Նյու Յորք

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»

Scroll Up