ՀՀ սփյուռքի փոխնախարարի ուղեկցությամբ Վանուատուի Հանրապետության վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Վանուատուի Հանրապետության վարչապետ Շարլո Սալվաին ՀՀ սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, հայտնում է, որ Վանուատուից ժամանած հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանը:

Վանուատուի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Վանուատուի վարչապետի գլխավորությամբ հյուրերը շրջեցին նաև Հուշապատի տարածքում, ծանոթացան նրա նշանակության և կարևորության հետ:

Հյուրերը եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, այցի ավարտին վարչապետ Սալվաին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Հայոց ցեղասպանության անհետացածների հիշատակին… ես իմ խորին տխրությունն եմ արտահայտում հայ ազգի զավակներին: Թող Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Վանուատուի վարչապետը:

ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Վանուատուի վարչապետին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:

Scroll Up