Ջիվան Գասպարյանը 90 տարեկան է

Հայկական ազգային կատարողական արվեստի նշանավոր վարպետներից մեկը՝ վաղուց ի վեր համաշխարհային լեգենդ դարձած Ջիվան Գասպարյանն այսօր դարձավ 90 տարեկան:

Տարիքը, սակայն, չի խանգարում, որ նա շարունակի ստեղծագործել, շարունակի զարմացնել ու հիացնել աշխարհը, որը հատկապես նրա միջոցով ճանաչեց մեր առեղծվածային ու հնամենի նվագարանը՝ դուդուկը: Ջիվան Գասպարյանին իրավամբ դուդուկի կախարդ են անվանում, քանզի նա փոքրիկ, շատ դեպքերում աննշան թվացող նվագարանը կարողացավ ճանաչելի ու սիրելի դարձնել աշխարհին, իր նվագարանից հնչեցնել մեղեդիներ, որոնք կախարդեցին ու հմայեցին շատերին, ովքեր ամեն մի ելևէջումի մեջ տեսան մեր տառապանքի ու հրճվանքի արտացոլումները:

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն:

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում:

Վարպետն այսօր իր փորձն ու հմտությունները հաղորդում է թոռանը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանին, որը նույնպես արդեն ճանաչված անուն է դարձել համաշխարհային բեմում…

Scroll Up