Մարդ, ով ապրում է յուրաքանչյուր հաջորդ օրը հայ մնալու հոգսն ուսերին

Աշխարհից հեռու մի գյուղում․․․
Ինձ համար աշխարհն իմ Հայաստանն է՝ իր ջերմությամբ ու արևով, իր բարությամբ ու լույսով, իր հոգով ու ոգով, իր հոգսերով ու խնդիրներով։ Հայաստանից զատ յուրաքանչյուր վայր՝ փոքրիկ գյուղից մինչև անծայրածիր մեգապոլիս, ինձ համար «գյուղ» է, որտեղ հոգսն է թելադրողը։
Ճակատագրի բերումով այդպիսի մի «գյուղաբնակ էլ» ես եմ դարձել, ով ապրում է յուրաքանչյուր հաջորդ օրը հայ մնալու հոգսն ուսերին, ով պայքարում է, որ մի օր ինքն ու իր զավակները նորից «աշխարհի բնակիչ» դառնան։
Թվում է՝ ամեն ինչ տխուր է ու անգույն, բայց այդպես կլիներ, եթե չլինեին այն փոքրիկ օազիսները, որոնք մագնիսի նման ձգում են հայրնիքի կարոտից ծարաված վտարանդիներիս։
Այդպիսի մի օազիս է ՌԴ Տյումեն քաղաքում գործող Մ․ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնը՝ իր «Կարոտ» գրական ակումբով, որը հոկտեմբերի 5-ին իր հյուրընկալ դռներն էր բացել տյումենաբնակ ուսուցիչների առջև։ Կենտրոնի տնօրեն տիկին Ռուզաննան ցանկացել էր ևս մեկ լիարժեք օր նվիրել մարդկանց, ովքեր կրթելու և դասիարակելու առաքելությունն են ունեցել, բայց որոնցից շատերը, ցավոք, հիմա միայն երազել կարող են, մեկ անգամ ևս արժևորել նրանց անցած ուղին ու վաստակը։
Երեկոն լի էր կարոտով, երախտագիտությամբ ու երախտիքի խոսքերով, սիրով ու հոգատարությամբ։ Մի տեսակ սերունդների խաչմերուկ էր հիշեցնում, որտեղ յուրաքանչյուրը պատրաստակամ էր հարգել ու զիջել։ Խինդն ու թախիծը, ոգևորությունն ու տխրությունը, լացն ու ծիծաղը միախառնվել ու մեզ անծայրածիր «աշխարհ» էին նվիրել։
Մենք՝ «կարոտցիներս», երեկոն ավարտեցինք այն համոզմամբ, որ այստեղ՝ «աշխարհից կտրված մի գյուղում», մենք մեր Աշխարհն ենք կառուցել։
Տոնդ շնորհավոր, ուսուցի՜չ։
Անի Կիրակոսյան