Սփյուռքի նախարարության աշխատակիցների այցելությունը Մխիթարյան կենտրոն

Սփյուռքի նախարարության և Մխիթարյան միաբանության, Հայաստանում Մխիթարյան կենտրոնի հետ համագործակցության շրջանակները վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել են: Իրականացված համատեղ միջոցառումները, գիտաժողովները, հանդիպումները Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի, պատկառելի մխիթարյանականների հետ, հայ գիտնականների հետ նրանց ակտիվ մասնակցությունը արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցմանը, ուղղագրությունների խնդիրների նվիրված քննարկումներին և բազմաթիվ այլ ձեռնարկներին` վկայությունն են գործընկերային հարաբերությունների զարգացման:

2017թ. սեպտեմբերից մեկնարկած Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան Մայրավանքի հաստատման 300-ամյակի միջոցառումների շրջանակներում Սփյուռքի նախարարության աջակցությամբ նախատեսվում է հոկտեմբերին կազմակերպել հայկական ամենահին և ամենաերկարակյաց հանդեսի՝ «Բազմավեպ»-ի 175-ամյակին նվիրված գիտաժողովը:

Պատմությանը հայտնի Մխիթարյանների կրթական, ազգային-քրիստոնեական դաստիարակության ուղղությամբ բազմաբովանդակ գործունեության արգասիքներից են եղել Մխիթարյան դպրոցների հիմնումը աշխարհի տարբեր երկրներում՝ 1736 թվականից սկսած: Մինչև վերջին ժամանակները գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։ Այսօր Մխիթարյանների տնօրինության տակ գործում են մեկ տասնյակի չհասնող հոգևոր կրթարաններ՝ վարժարան, ընծայարան, լիցեյ: 1994 թվականից Երևանում հիմնված Մխիթարյանների կենտրոնում բացվել է Ժառանգավորաց դպրոց, ուր գործում են նաև մատուռ և գրադարան։

Հոկտեմբերի 4-ին սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային և հոգևոր կառույցների հետ կապերի վարչության աշխատակիցները՝ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Երեմ Սիմոնյանի ղեկավարությամբ աշխատանքային այց կազմակերպեցին Հայաստանում Մխիթարյան կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի, դպրոցի գործունեությանը: Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրենն է Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանը, իսկ փոխտնօրենը՝ Հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանը:

Կենտրոնում հանդիպմանը մասնակցեցին նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս ծ. Վրդ. Գոճանյանը և Ֆրանսիայի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Հարություն վրդ. Պզտիկյանը: Նախարարության աշխատակիցները իրենց հետ տարել էին մոտ 120 կտոր գրքեր՝ գիտահանրամատչելի, հայագիտական, այդ թվում՝ սփյուռքագիտական, պատմական ուսումնասիրություններ, հոգևոր, մշակութային, գեղարվեստական գրականություն, խտասալիկներ, այլ նյութեր, որոնք նվիրեցին կենտրոնին՝ գրադարանային ֆոնդը համալրելու համար:

Նախարարության աշխատակիցները շրջայց կատարեցին կենտրոնում, եղան դասասենյակներում, ծանոթացան ուսումնական ծրագրին, դպրոցի սաների հետ: Ներկա գտնվեցին նաև մատուցված Սուրբ պատարագին:

Scroll Up