2019 թվականին Վալանսում կբացվի հայկական նոր դպրոց

Հոկտեմբերի 5-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Ֆրանսիայի ու Հայաստանի միջև գործակցությունը՝ ընդգծելով, որ Վալանսում այս պահին բնակվում է 15 000 հայ: Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպման ընթացքում հույս հայտնեց, որ նախարարության ու Վալանսի քաղաքապետարանի միջև գործակցությունը կշարունակվի, կընդլայնվի ու կդառնա առավել ակտիվ:
«Իսկապես Վալանսի հայկական համայնքը կարևորագույներից է Ֆրանսիայում, կցանկանամ, որ հետագա հանդիպումները լինեն աշխատանքային, որպեսզի կարողանանք պայմանավորվել հստակ ծրագրերի շուրջ»,-շեշտեց նախարարը:
Վալանսի քաղաքապետն էլ իր հերթին ընդգծեց, որ պատրաստվում են գործակցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի Հանրապետության քաղաքների հետ: Նիկոլա Դարագոնը շեշտեց, որ առաջիկա օրերին կայցելի նաև Արցախ, միաժամանակ նշելով, որ Վալանս քաղաքի կառավարման խորհրդի անդամների 10 տոկոսը հայ է:
«Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ, որ Ձեր լարված գրաֆիկում տեղ գտաք նաև մեզ համար: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Վալանս, որպեսզի կարողանանք քննարկել գործակցության բոլոր այն ճյուղերը, որոնք կարևոր են Հայաստանի համար»,- նշեց Վալանսի քաղաքապետը:
2019 թվականին քաղաքում կբացվի հայկական նոր դպրոց:
Հիշեցնենք, որ Վալանսում հայերը սկսել են հաստատվել 1923-1925 թվականներից սկսած: 1984 թվականին Վալանսում բնակվում էր 5 հազար հայ։ Նրանց թիվն այս պահին հասնում է 15 հազարի: Վալանսում գործում են ՀԲԸՄ (1934 թվականից), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերության, Ֆրանսահայ մշակութային միության, Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Վալանսի մասնաճյուղերը, ինչպես նաև այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ։