Շարքային թուրքական ապատեղեկատվություն

Արդեն տևական ժամանակ է` Թուրքիայի քաղաքական մեքենան` ի դեմս երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Թայիփ Էրդողանի, թիրախ է ընտրել Հայաստան-Սփյուռք օրեցօր ամրապնդվող գործակցությունը: Կիրառելով ապատեղեկատվության, կեղծիքի և տեղեկատվական հարձակման այլ մեթոդներ` Թուրքիան փորձում է արհեստական խնդիրներ և անջրպետներ առաջացնել Հայաստանի ու Սփյուռքի միջև:

Սակայն ցավալի է, որ թուրքական մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը կամ ուղղորդված կեղծիքը երբեմն թարգմանաբար և առանց մասնագիտական զտման տեղ են գտնում հայկական լրատվամիջոցներում, և փաստացի մենք հայտնվում են թուրքական տեղեկատվական որոգայթներում: Նմանատիպ մի որոգայթ էլ երեկ տպագրվեց թուրքական «Հյուրիեթ» թերթում և թարգմանաբար տարածվեց հայկական լրատվամիջոցներում:

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Ստամբուլ` մասնակցելու Կանանց համաշխարհային գագաթնաժողովին, որից հետո էլ հանդիպել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ տիկին Հակոբյանը Սփյուռքի նախարարության մեդալներ է հանձնել Պոլսի համայնքի արվեստի, մշակույթի մի շարք անվանի գործիչների: Թուրքական «Հյուրիեթ» թերթը, անդրադառնալով Սփյուռքի նախարարի այցին, նշել է, թե իբրև պոլսահայ համայնքի շատ ներկայացուցիչներ վրդովված են նախարարի այցից և հանձնած մեդալներից, քանի որ «Նախարարը նրանց համարել է սփյուռքահայ, մինչդեռ պոլսահայերը իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են իրենց նախնիների երկրում»:

Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ սա բացահայտ ապատեղեկատվություն է և կեղծիք: Խնդիրն այն է, որ պոլսահայերը, իրոք, իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են այն երկրում, որտեղ ապրել են իրենց նախնիները, և պոլսահայերի այս յուրահատուկ կարգավիճակի մասին Սփյուռքի նախարարը քաջատեղյակ է: Համայնքի հետ հանդիպման ժամանակ Հրանուշ Հակոբյանը հստակ նշել է, որ ինքը Պոլսի հայ համայնքին չի համարում Սփյուռք, ավելին` նրանց դիտում է իբրև Սփյուռք ստեղծած համայնք, ինչն իրավացի է, քանի որ հենց Թուրքիայի հայության փրկված բեկորներից է գոյացել Սփյուռքը (ի դեպ, այն միտքը, որ պոլսահայերին չի կարելի համարել սփյուռքահայեր, հստակ արտահայտված է 2010թ. Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության» գրքում): Ինչպես մեզ փոխանցել է Հրանուշ Հակոբյանին Ստամբուլում ուղեկցած թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը. «Նախարարի այդ հայտարարությունը շատ լավ ընկալվեց համայնքում, և հանդիպմանը ներկա շատերը գոհունակությամբ շեշտում էին, որ տիկին Հակոբյանը ճիշտ շեշտադրումներով անդրադարձավ իրենց կարգավիճակին»:

Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության մեդալներին, ապա դրանք տրվում են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խթանող մարդկանց, և ինչպես երեկ, այնպես էլ այսօր Պոլսում ստեղծվող հայկական մշակույթը համահայկական է. դրանից օգտվում են ինչպես հայաստանցիները, այնպես էլ հայկական Սփյուռքը. այն, իրոք, օգնում է հայության միջև գործակցության զարգացմանը:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ «Հյուրիեթի» ու նրանից հղում արված տեղեկատվությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը և Թուրքիայի հերթական  էժանագին քարոզչական հնարքն է:

Ռուբեն Մելքոնյան
թուրքագետ

Scroll Up