Չիլիում տեղի կունենան հայկական երաժշտությանը նվիրված համերգներ և վարպետության դասեր

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Չիլիի համալսարանում և մշակութային կազմակերպություններում տեղի են ունենալու երկու համերգ և երեք դասախոսություն՝ նվիրված հայկական մշակույթին:

«Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Գասպարյանն ասաց, որ այս քայլով շարունակում է հավատարիմ մնալ իր գործունեությանը, այն է՝ օտարների շրջանում տարածել և ճանաչելի դարձնել ինչպես հայկական երաժշտությունը, այնպես էլ ազգային գործիքների առանձնահատկությունները:

Հավելենք, որ Գագիկ Գասպարյանի ջանքերով Չիլիի մշակույթի նախարարությունը հայկական մշակույթը՝ մասնավորապես երաժշտությունը, 2015 թվականի ընթացքում պաշտոնապես ճանաչել էր Չիլիի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր մշակութային և հասարակական լայն շրջանակների ուսումնասիրության գլխավոր առարկա, որը վավերացվել է փաստաթղթով և հավաստագրով: Առաջիկայում տեղի ունեցող միջոցառումներն էլ այդ մշակութային համագործակցության տրամաբանական շարունակությունն են լինելու:

Զրույցի վերջում Գագիկ Գասպարյանը անդրադարձավ նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում, Կորդոբայում և Ուրուգվայում օգոստոս ամսին կայացած վեց մշակութային կարևոր իրադարձություններին, որոնց մասնակցելու համար Հայաստանից հրավիրված են եղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր,  քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, թառահար Արմեն Եգանյանը, բլուլահար Լևոն Թևանյանը: Դուդուկի կատարումներով հանդես է եկել Գագիկ Գասպարյանը:

Մասնավորապես՝ Բուենոս Այրեսում և Կորդոբայում Արվեստի երեք համալսարաններում  վարպետության դասեր են կայացել, իսկ Բուենոս Այրեսում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել համերգ՝  նվիրված Հայաստանում հոկտեմբեր ամսին անցկացվող  Ֆրանկոֆոնիայի 2018 թվականի գագաթնաժողովին:

Ծրագրի ընդհանուր պատասխանատուն եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը, գեղարվեստական ղեկավարն ու կազմակերպիչը՝ ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը:

Scroll Up