«Փթիթ»-ն իր փոքր և պատանի ընթերցողներին օգնում է հայեցի «ծաղկել»

«Մանկական հրատարակությունը «ռմբակոծում» պետք է լինի: Երեխան հաճախակի պետք է նոր մանկական հրատարակություն տեսնի, որպեսզի խանդավառվի հայերեն մանկական թերթ կարդալով: Պետք է բոլոր հնարավոր միջոցներով սատարել «Փթիթի» հետագա գործունեությանը»,- Պոլսի «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանն այս խոսքերով է բնութագրել Լիբանանում լույս տեսնող «Փթիթ» մանկապատանեկան ամսագրի աշխատանքները, որոնք պարբերաթերթի հիմնադիրներ Կարո և Վերժինե Աբրահամյանների համար խմբագրական աշխատանքները նոր ավյունով շարունակելու ուղենիշ են դարձել:

«Փթիթ» մանկապատանեկան պարբերաթերթը հիմնադրվել է 2010 թվականին՝ Բեյրութում: Այն ստեղծվել է հայկական վարժարաններում հայերենի նահանջի վտանգը կանխելու նպատակով: Պարբերաթերթի մտահղացումը ծագել է պարբերաթերթի խմբագիր Վերժինե Աբրահամյանի գլխում, երբ Պոլսում շուրջ քսան տարի հրատարակվող «Ժպիտ» պարբերաթերթը մշտապես կարդալով` որոշել է Լիբանանում նույնպես մանկապատանեկան թերթ հրատարակել (մանավանդ, որ այդպիսի թերթ Լիբանանում չի եղել):

«Ամուսնուս առաջարկով ենք «Փթիթ» անվանել: Հայերեն գեղեցիկ բառ է, որը նշանակում է ծաղկում։ Հետևաբար, «Փթիթ»-ն իր փոքր և պատանի ընթերցողներին օգնում է հայեցի «ծաղկել», բարոյական վեհ սկզբունքներ ունենալ, ինչպես նաև՝ հարստացնել Մայրենիի բառապաշարը»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշեց Վերժինե Աբրահամյանը՝ հավելով, որ ընթերցողներին ներկայացվում են ոչ միայն խաղեր, այլև՝ հոդվածներ, հետաքրքաշարժ պատմություններ` այդպիսով բարձրացնելով նրանց բարոյահոգեբանական նկարագիրը:

Վերժինե Աբրահամյանը նշեց, որ «Փթիթ»-ի էջերում երեք կարճ հեքիաթ, մեկ առակ, խմբագրական, առողջապահական և երեխաների մասին ուսուցողական հետաքրքիր հոդվածներ և տարաբնույթ խաղեր են ընդգրկվում: Հասկանալու համար, թե ընթերցողների շրջանում թերթը որքան պահանջ ունի, լիբանանահայ հինգ վարժարանների միջև հարցում է իրականացվել, որի արդյունքում արժանացել է բարձր գնահատանքի: Հարցման հիման վրա էլ որոշվել է հաջորդ համարների էջերի թիվն ու նյութերի բաժանումը:

Ի դեպ, ընդհանուր առմամբ, տասնհինգ համար է լույս տեսել: Պարբերաթերթը հասանելի է Լիբանանի հայկական վարժարաններում, սփյուռքյան համայնքներում, իսկ Հայաստանում կարելի է ձեռք բերել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Հայաստանի ազգային գրադարնում և մի շարք թերթերի խմբագրություններում:

2015 թվականին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ գործարկվել է պարբերաթերթի էլեկտրոնային տարբերակը՝ http://www.e-ptit.com/, իսկ 2016 թվականին՝ PTIT կամ ՓԹԻԹ հավելվածը(app):

«Պարբերաթերթի էլեկտրոնային տարբերակը լայն արձագանք գտավ աշխարհի հինգ մայրցամաքներում: Այս երևույթն ապացույցն է այն բանի, որ թերթը հաջողությամբ է կատարել իր առաքելությունը, որովհետև կարողացել ենք աշխարհի տարբեր երկրներում բնակվող, տարբեր լեզվակիր, մշակույթ ունեցող փոքրիկներին և պատանիների ուշադրությունը գրավել»,-ասաց Վերժինե Աբրահամյանը և ընդգծեց, որ էլեկտրոնային տարբերակի բաղկացուցիչ մասը նույնպես դաստիարակչական բնույթի բազմապիսի լեզվական, թվային և տրամաբանական խաղերն են կազմում:

Հավելենք, որ այս տարի փետրվարին Լիբանանի Հայկազյան համալսարանում «Փթիթ»-ին նվիրված միջոցառում է կազմակերպվել, որտեղ լիբանանահայ ազգային կյանքում ունեցած վաստակի և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար Կարո և Վերժինե Աբրահմյանները պարգևատրվել են Հայկազյան համալսարանի  և ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով:

Մաղթե՛նք «Փթիթ»-ին արգասաբեր աշխատանք, բազում հետաքրքիր և բովանդակալից թողարկումներ, որոնք, իրապես, կնպաստեն աշխարհասփյուռք հայ երեխաներին՝ հայեցի կրթություն և դաստիարակություն տալու գործին: Թո՛ղ հարատևի «Փթիթը»՝ դառնալով փոքրիների և պատանիների ամենասպասված «հյուրը»:

Գևորգ Չիչյան

 

 

Scroll Up