Նոր Ջուղայի Հայոց ազգ. կրթահամալիրում հնչեց Ուսումնական տարեմուտի առաջին զանգը

Սեպտեմբերի 23-ի առավոտյան Իրանի բոլոր դպրոցներում հնչեց ուսումնական տարեմուտի առաջին զանգը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Երանուշ Թահմազյանը, Նոր Ջուղայի Հայոց ազգ. կրթահամալիրում Ուսումնական տարեմուտի մեկնարկի առթիվ համախմբված «Արմեն» երկսեռ կրթահամալիրի , «Քանանյան» իգական, «Կատարինյան» արական ավագ դպրոցների աշակերտությանը , աշխատակազմին ու ծնողներին ողջունեց «Արմեն» կրթահամալիրի տեսուչ Վրեժ Շիրվանյանը, ապա ելույթ ունեցավ թեմի Կրթական խորհրդի փոխատենապետուհի Սաթենիկ Ավետումյանը, որից հետո հայրական իր պատգամը հղեց Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:
Տերունական աղոթքի միասնական երգեցողությունից հետո Թեմակալ առաջնորդ Սրբազան Հոր ձեռամբ հնչեց 2018-2019 ուսումնական տարեշրջանի առաջին զանգը, այնուհետև Սրբազան Հայրն իրեն ուղեկցող ազգային մարմինների ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ մուտք գործեց կրթահամալիրի Հայոց ազգ. մանկապարտեզ–նախակրթարան բաժանմունք: Նրանց դիմավորեց և ներկաներին ողջունեց մանկապարտեզ– նախակրթանի տեսչուհի Քարոլին Դիլանչյանը: Այստեղ ևս Սրբազան Հայրն հանդես եկավ հայրական պատգամով և միասնական աղոթքից հետո կատարեց առաջին զանգի հնչեցման արարողությունը:
Լուսանկարները` հեղինակի