Երևանում տեղի ունեցավ «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան

Սեպտեմբերի 24-ին սփյուռքի նախարարության աջակցությամբ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ կանադաբնակ երգահան, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի «Սասունցիների պարը» բալետի պրեմիերան: Բալետի հիմքում ընկած է Գևորգ Էմինի համանուն պոեմը:

Նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը: «Մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը միշտ է արտացոլել մեր ազգային բնավորության լավագույն գծերը, իսկ սասունցիների պարն այդ հավաքական դիմագծի խտացումն է, որտեղ երաժշտության և պարի միջոցով հանդիսատեսին են փոխանցվում հայ մարդու կորովը, հպարտությունը, ուժը և վստահությունը: Հատկություններ, որոնց իրական դրսևորումներին վերջերս ականատես եղանք մենք՝ Հայաստանում և սփյուռքում, օտարները՝ աշխարհում: Ժողովրդական այս պարն այնուհետև ներշնչման աղբյուր հանդիսացավ բանաստեղծ Գևորգ Էմինի համար, որը ստեղծեց իր լավագույն գործերից մեկը՝ «Սասունցիների պարը», որը հատուկ ջերմությամբ ընդունվեց հատկապես սփյուռքի մեր հայրենակիցների կողմից»:

Ելույթ ունեցան նաև ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը, երգչուհիներ Գոհար Հովհաննիսյանը, Մելինե Առաքելյանը, Նարինե Ասոյանը, Մարիամ Զայանյանը:

Երեկոյին մասնակցեցին «Նարեկ» պարային համույթը (գեղ. ղեկ.` Ա. Ջուլհակյան) և «Արմեններ» հարվածային գործիքների անսամբլը (գեղ. ղեկ.` Գ. Թամրազյան և Ա. Դաշյան):

«Սասունցիների պարը» կներկայացվի նաև Գյումրու հանդիսատեսին հոկտեմբերի 13-ին` ժամը 18:30-ին` Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

 

Scroll Up