Հալեպի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում նշվել է ՀՀ անկախության 27-ամյակը

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, Բաաթ կուսակցության Հալեպի մասնաճյուղի քարտուղար Ֆատըլ Նաջարը, Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբը: «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Հալեպի «Էլ Ջամահիր» կայքը:

Ընդունելությանը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր գոհունակությունն է հայտնել միջոցառմանը մասնակից լինելու համար՝ ընդգծելով, որ Սիրիայի և Հայաստանի ժողովուրդները Օսմանյան Թուրքիայի կողմից ենթարկվել են նույն ահաբեկչությանը, թալանին, ցեղասպանությանը: Սակայն այսօր ամուր կառչած են իրենց հողին և պիտի կառուցեն իրենց երկիրը:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը նշել է, որ հայերը, թուրքի յաթաղանից մազապուրծ լինելով, ապաստան են գտել Սիրիայում, և այսօր նրանք Սիրիայի ժողովրդի անբաժան մասն են կազմում: Դոկտոր Հուրի Ազիզյանը նշել է, որ այսօրվա տոնակատարությունը փաստում է երկու ժողովուրդների փոխհարաբերությունների ամրությունը:

Հալեպի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Պետրոս Արք. Միրիաթյանն իր խոսքում ընդծել է, որ մեր ժողովուրդները մեկ պատմություն և ճակատագիր ունեն:

Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի նախագահ Վերապատվելի Հարություն Սելիմյանն իր հերթին նշել է, որ իրենք Սիրիայի քաղաքացի են, պիտի մնան ու կառուցեն այդ երկիրը՝ կոչ ուղղելով պատերազմի հետևանքով արտագաղթած սիրիահայերին հետ վերադառնալ և աջակցել վերակառուցման աշխատանքերին:

Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան Արք. Սարգիսյանը նշել է, որ Սիրիայի և Հայաստանի միջև ձևավորված հարաբերությունների խորության շնորհիվ է, որ կարողացան հաղթահարել դժվարություններն ու դիմակայել ահաբեկչությանը: Գերաշնորհ Տերը հավելել է նաև, որ հայերը չհեռացան, շարունակեցին ապրել երկրում և պայքարել բոլոր տեսակի ահաբեկչությունների դեմ:

Հավելենք, որ սույն ընդունելությանը մասնակցում էին նաև Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Հալեպի համալսարանի  Բաաթ կուսակցության քարտուղար Իբրահիմ Էլ Հադիդը, համալսարանի տնօրեն Մուստաֆա Էֆիունին, կուսակցության մասնաճյուղի անդամ Աբդուլլահ Հանիշը, քրիստոնյա թեմերի առաջնորդներ, ժողովրդական, տնտեսական և պաշտոնական շրջանակների մի շարք  ներկայացուցիչներ:

 

Scroll Up