Որպես Սփյուռք, կանգնած ենք մեր Հայրենիքի կողքին. Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ

Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով.

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առիթով մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հայությանը ի Ռումինիա, ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Դարեր շարունակ զրկված լինելով հայրենի պետականությունից, ի վերջո 27 տարիներ առաջ մենք կատարեցինք մեր վճռական քայլը և վերահաստատեցինք ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը: Մեր նախնիները արյուն են հեղել, բազում փորձություններ հաղթահարել, անցել մահվան ու կրակի միջով, բայց միշտ լավատեսությամբ, հույսով ու հավատով առ Բարերար Աստված: Այսօր էլ քիչ չեն դժվարություններն ու մարտահրավերները, տնտեսական ու քաղաքական խնդիրները, որոնք մեր ժողովուրդը դիմագրավում է հայրենի պետության հանդեպ պատասխանատվության, մեծ նվիրումի, հավատի ու լավատեսության ոգով: Բեկումնային այս ժամանակաշրջանում միայն իմաստուն կառավարմամբ և Աստծո օգնականությամբ կարող ենք հաղթահարել մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրներն ու արժանապատիվ լուծումներ գտնել: Որպես Սփյուռք, կանգնած ենք մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի ժողովրդի կողքին, պատրաստակամ կիսելու ամեն դժվարություն ու տառապանք, դիմագրավելու տարատեսակ մարտահրավերներ ու խոչընդոտներ, ինչպես նաև միասնաբար տոնելու հաղթանակներ ու վերելքներ ազգային մեր կյանքից ներս:

Սիրելի ժողովուրդ հայոց, անկախության պանծալի տոնի առիթով վերստին շնորհավորում ենք աշխարհասփյուռ հայությանը և բերում մեր օրհնությունը: Հայ Եկեղեցին պատմության ողջ ընթացքում` հավատարիմ իր կոչման, զորավիգ է եղել հայոց պետականությանը, իր ամեն կարելիությամբ զորավիգ է նաև այսօր և հավիտյան:  Այսօր էլ` Պետություն և Եկեղեցի միասնաբար, մեկ բռունցք դարձած պիտի շարունակեն ծառայել մեր զավակներին, մեր ազգային ու բարոյական արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Աղոթում ենք Հայրենիքի համար զոհված հերոսների անմահ հիշատակի առջև և հայցում ենք, որ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և անսասան` հայրենի մեր պետականությունը, օրհնի մեր ժողովրդին և առաջնորդի դեպի պայծառ ու լուսավոր ապագա:

Scroll Up