Բուլղարիայում բացվել է նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը

Բուլղարիայի Սիլիստրա քաղաքի տոնի հանդիսությունների շրջանակում կայացել է բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, քաղաքապետ Նայդենովը և քանդակագործ Չապկանովը բացել են  հայ անվանի գեղանկարչի արձանը` Սիլիստրայի պետական պատկերասրահի մուտքի դիմաց:

Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որ կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և Բեդիգ Բեդրոսյանի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցել են Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքի հյուրեր:

ԱԳՆ լրատվության ու հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, պատվավոր հյուրերի թվում էին քաղաքապետ Յուլիյան Նայդենովը, հայ հայտնի գործարար և հասարակական գործիչ Գևորգ Գրիգորյանը, Բուլղարիայի ԱԺ պատգամավոր, ԲՀ-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Թիշևը, ԲՀ կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկա էր Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի հեղինակը՝ ճանաչված բուլղար քանդակագործ Գեորգի Չապկանովը:

Scroll Up