Աստանայի հայկական կիրակնօրյա դպրոցում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Աստանայի  հայկական  կիրակնօրյա  դպրոցում  կրկին  եռուզեռ  է: Սեպտեմբերի 3-ին մեկնարկեց նոր ուսումնական տարին, և կիրակնօրյա դպրոցն իր դռները բացեց մայրենին ուսանողների առաջ: Ուրախալին այն է, որ տարեցտարի  նրանց  թիվը շատանում է, և հայկական կրթօջախն արդեն ունի 4 դասարան՝ 35 հայ մանուկներով:
Ավանդույթի համաձայն՝ հայկական կրթօջախում ուսումնական տարվա առաջին օրը շատ հյուրեր կային։ Այս անգամ նրանց թվում էին Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոս  Գոռ Եդիգարյանը,  նրա օգնական’  Լիդա Պողոսյանը, «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարները, Աստանայի հայկական համայնքի այլ անդամներ։
Ողջերթի խոսքերից  և երեխաների ելույթներից հետո երեխաները  երգեցին,  արտասանեցին, իսկ Լարիսա Սաղոյանը  կարդաց Հայաստանին նվիրված իր բանաստեղծությունը:
Հայոց պատմության առաջին  դասը վարեց պարոն Եդիգարյանը։ Նա  մանրամասն  պատմեց մեր հանրապետության մարզերի, դրոշի և օրհներգի  մասին, ներկայացրեց Հայկական բնաշխարհի բնորոշ առանձնահատկությունները, ներկայացրեց հին հայկական ավանդություններ: Դասի ամփոփումը յուրատեսակ մրցույթի վերածվեց. երեխաները, իրար լրացնելով, փորձում էին ներկայացնել իրենց սովորածը և որպես նվեր հյուպատոսից ստանում  Հայաստանի քարտեզը, գրիչներ, տետրեր՝ հայկական պատկերազարդերով:
Ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է, և եթե այդպես է, ուրեմն այս ուսումնական տարին էլ շատ արդյունավետ է լինելու, որովհետև առաջին օրը շատ հետաքրքիր էր ու բազմաբովանդակ։ Ուրախալի է, որ Հայաստանի դեսպանության և անձամբ դեսպան պարոն Սահակյանի նախաձեռնությամբ այդպիսի հանդիպումներ և միջոցառումներ մեր դպրոցում շատ հաճախ են  կազմակերպվում: Կամ մենք ենք հրավիրվում դեսպանատուն, կամ մեզ հյուր է գալիս հարգարժան  դեսպանը։ խոստովանեմ, որ այս հանգամանքը մեծապես նպաստում է դպրոցի նկատմամբ հետաքրքրության աճին և միաժամանակ մեծացնում մեր՝ ուսուցիչներիս, պատասխանատվությունը։ Շնորհակալություն մեր ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ և ԲԱՐԻ ԵՐԹ մայրենին սովորող բոլոր ՀԱՅ մանուկներին:

ՀԱՅԱՍՏԱՆ ՄՆԵՅԱՆ
Հայկական կիրակնօրյա դպրոցի  տնօրեն  

 

Scroll Up