Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունն այցելեց սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությանը՝ Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի (Լիբանան) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամներ Թամար Գապագյան-Հաշէօլյանը (Լիբանան), Լորիկ Սապունճյանը (Լիբանան), Լուիզա Պապոյյանը (Լիբանան), Սեպուհ Այնթապլյանը (Լիբանան), Սպարտակ Ղարաբաղցյանը (Հայաստան), Կարօ Ալեքսանյանը (Սիրիա), Սելլա Թնճուկյան (Եվրոպա), Վիգէն Թիւֆէնքճյանը (Կանադա), Տիգրան Պապիկյանը (Արևմտյան Միացյալ Նահանգներ), Մանուկ Չուխաճյանը (Արևմտյան Միացյալ Նահանգներ) և Հրայր Պարոնյանը (Արևելյան Միացյալ Նահանգներ): Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորեց 90-ամյա կազմակերպության ներդրումը հայակերտման ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Նա մասնավորապես նշեց. «Ուժեղ Հայաստանի շահերից բխում է ունենալ ուժեղ սփյուռք, ուժեղ սփյուռքի շահերից բխում է ունենալ ուժեղ Հայաստան: Պետք է լծվենք նաև սփյուռքի խնդիրների լուծման գործին: Պետության և աշխարհասփյուռ հայության շահերից բխում է խորքային աշխատանք տանել կրթական հարցերի լուծման ուղղությամբ: Կրթությունը, մշակույթը կարևոր արժեքներ են հայակերտման համար: Մարտահրավերների հարցով հստակեցվել են անելիքները: Սփյուռքը պետք է զգա, որ իր թիկունքին կա հզոր պետություն»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արևմտահայերենի, հայկական դպրոցների, դրանց մրցունակության խնդիրներին:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար, ներկայացրեց կառույցի գործունեության ուղղվածությունը, նպատակները և առաջիկա անելիքները, վստահեցրեց, որ համագործակցությունը կշարունակվի նոր ոգևորությամբ ու գործնական քայլերով:
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (Hamazkayin Armenian Educational and Cultural Society) ՀՅԴ-ին կից կառույց է, որը հիմնադրվել է 1928թ. մայիսի 28-ին, Կահիրեում, մասնաճյուղեր ունի Միջին Արևելքի բոլոր հայկական համայնքներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում։ Միությունն ունի 7 շրջանային վարչություն և 8 մեկուսի մասնաճյուղ: Կենտրոնական վարչությունը գտնվում է Լիբանանում: Համազգայինի երևանյան գրասենյակը հիմնադրվել է 1991թ., այն ներկայումս գործում է որպես Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամ: Համազգային հայ կրթական և մշակութային միությունն իրականացնում է մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական և այլ աշխատանքներ ՀՀ-ում և սփյուռքում: Համազգայինի և սփյուռքի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ կրթական և մշակութային հիմնախնդիրների լուծման գործում համագործակցության վերաբերյալ: