Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Մարկ Գրիգորյանին

Սեպտեմբերի 10-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանին: Վերջինս Սփյուռքի նախարարություն էր եկել՝ նախարարի հետ ծանոթանալու և Սփյուռքին վերաբերող ծրագրերի մասին խոսելու:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը կարևորում է սփյուռքահայությանը վերաբերող հաղորդաշարերի դերը և պատրաստ է համագործակցել այս ոլորտում: Նախարարը նաև ավելացրեց, որ արևմտահայերենը պահպանելու, զարգացնելու համար նախագծվում են ծրագրեր, որոնք հիմա մշակման փուլում են, բայց աշխատանքներ են տարվում դրանք իրագործելու համար:

«Մենք պատրաստ ենք օգտագործելու մեր լծակները, որպեսզի Սփյուռքում որակ փոխենք: Մենք պետք է լսենք Սփյուռքի ձայնն ու հասկանանք, թե ինչ խնդիրներ ունեն այնտեղ: Հաղորդաշարերը նույնպես պիտի միտված լինեն այդ խնդիրները լուծելուն»:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրեց մի քանի գաղափար, որոնք հիմա մշակման փուլում են: Դրանցից մեկը վերաբերում է արևմտահայերենով մուլտֆիլմերի ստեղծմանը, որոնք 30 րոպե տևողությամբ կներկայացնեն տարբեր դրվագներ հայոց պատմությունից և դիցաբանությունից:

Մարկ Գրիգորյանը խոսեց   Հանրային ռադիոյով եթեր հեռարձակվող հաղորդաշարերի մասին, որոնք նախատեսված են սփյուռքահայության համար:

«Համասփյուռք» հաղորդաշարը եթեր է հեռարձակվում շաբաթը մեկ անգամ՝ 45 րոպե տևողությամբ: Ծրագրի շրջանակում միմյանց հետ կապ են հաստատում  հայկական  3 տարբեր համայնքների ներկայացուցիչներ ու քննարկում համայնքներին հուզող ընդհանուր թեմաներ:

«Կամուրջ» ծրագրի շրջանակում հարցազրույցներ են արվում անհատների և համայնքների ներկայացուցիչների հետ՝ վերհանելով տարբեր խնդիրներ:

Հանրային ռադիոն եթերաժամանակ է տրամադրում նաև սփյուռքյան ռադիոկայաններին, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր համայնքում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող ռեպորտաժներ:

Մարկ Գրիգորյանը խոսեց նաև «Լուրեր արևմտահայերեն» ծրագրից, որը եթերում է ամեն օր, ժամը՝ 14:00-ից:

Մխիթար Հայրապետյանը ողջունեց այս ծրագրերի  առկայությունը՝ նշելով, որ պատրաստ է համատեղ քննարկել Սփյուռքին վերաբերող ապագա հաղորդաշարերի բովանդակային մասը:

Scroll Up