Ա~Խ, ԹԱՄԱՐ, ԹԱՄԱՐ…

Մեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանը հրաժարական տվեց: Եվ, ինչպես վայել էր նախկին ՕԵԿ-ականին, նա դա արեց պոպուլիզմի բոլոր կանոնների համաձայն, բաց ու հրապարակային:

Ինչպես ասում են` հեռանալուց առաջ` շրխկացնելով դռները: Տիկին Պողոսյանն, իհարկե, դռներ չջարդեց, բայց իր հեռանալուց առաջ ասուլիս հրավիրեց, որի ընթացքում հայտարարեց իր հրաժարականի մասին ու նաև` ՙԱյսօր իմ հրաժարականի ամբողջ փաթեթը կներկայացվի վարչապետին՚: Թե ինչու՞ պիտի հիմնադրամի տնօրենի հրաժարականի փաթեթը վարչապետին ներկայացվի` ոչ ոք չհասկացավ. մի՞թե հիմնադրամի տնօրենը կատավարության անդամ է և կամ կառավարության մաս կազմող ենթակառուցվածքի ղեկավար…

Գուցե իսկապես ՙՄեկ ազգ, մեկ մշակույթի՚ տնօրենը կառավարության անդամ է եղել, ու մենք այսքան ժամանակ չենք իմացել… Ինչ բացատրություն էլ տանք, միևնույն է, հանգելու ենք այն եզրակացության, որ այս հայտարարության հեղինակը կամ էքսցենտրիկ է, կամ էլ` բժիշկների կարիքը զգացող մեկը: Եթե այդպիսին չլիներ, չէր փորձի իր վերջին հարցազրույցում ասել այն մասին, որ սփյուռքի նախարարի հետ ունեցած իր խնդիրների լուծման համար փորձել է պայքարել` դիմելով բոլոր հնարավոր ատյաններին…

Անշուշտ, ինչպես խոստովանեց տիկին Պողոսյանը, ինքը հաջողության չի հասել, դրա համար էլ որոշել է աննպատակահարմար ճանաչել իր հետագա համագործակցությունը: Ուշադրություն դարձնենք. ոչ թե հեռանում է, որովհետև բացահայտվել են ինքնիրավչության, պետական միջոցների փոշիացման փաստերը, այլ, որովհետև, ինքը նպատակահարմար չի գտել… Այստեղ ևս Թամար Պողոսյանը օրիգինալ է և բացառիկ: ՙԵթե ես, ներքին խոհանոցի մարդ լինելով, չկարողացա լուծել իմ խնդիրները, պատկերացնում եմ, թե ինչպիսին է շարքային քաղաքացիների վիճակը՚,- հայտարարեց այլևս նախկին տնօրենը: Հետաքրքիր է, որ նա հիշեց շարքային քաղաքացիներին: Իսկ ինքը, իր քույրը, հիմնադրամի գեղարվեստական ղեկավարն ու նրանց սպասարկող լրագրողուհի Մ.Մ.-ն շարքային քաղաքացիներ չէին, որովհետև նրանք 7 օրվա համար ստանում էին այնքան հավելավճար, որքան կազմում է ՀՀ ԳԱԱ համակարգում աշխատող գիտության դոկտորի երկու տարվա աշխատավարձը: ՀՀ շարքային քաղաքացին իրեն թույլ չէր տա խախտել հիմնադրամների մասին օրենքն ու որոշել սեփական աշխատավարձի ու հավելավճարի չափերը: Իսկ Թամար Պողոսյանը իրեն թույլ է տվել: Նա նաև իրեն թույլ է տվել բազմաթիվ այլ խախտումներ, որոնց մասին տևական ժամանակ լռել են բոլոր նրանք, ովքեր պարտավոր էին ստուգումներ կատարել հիմնադրամում և բացահայտել նրա անպտուղ գործունեությունը: Նաև` ազգային մշակույթի դեմ իրականացրած արշավանքը, որի մասին մենք արդեն գրել ենք:

Իր հրաժեշտի ասուլիսում Թամար Պողոսյանը, այդպես էլ չկամենալով նայել ճշմարտության դեմքին, խոսեց այն մասին, որ ամեն ինչի մեղավորը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է: Մենք էլ ենք կարծում, որ հենց Հրանուշ Հակոբյանն է մեղավոր: Այո: Ինչու՞ էր նա հետաքրքրվում հիմնադրամի գործունեությամբ, ինչո՞ւ էր խախտում հաստատված լռությունը, ինչո՞ւ էր ավերում բարեկեցության այն որջը, որը ձևավորվել էր այստեղ: Մի քանի տարի շարունակ ոչ ոք չէր նկատում, թե ինչ էր կատարվում հիմնադրամում, թե ինչպես էին այստեղ մսխում պետական միջոցները, թե ինչպես էր մի միջակ արվեստագետ դարձել սփյուռք-հայրենիք մշակութային կապերի գլխավոր ՙվերահսկիչը՚` վիրավորելով շատ ու շատ ճշմարիտ արվեստագետների ինքնասիրությունը… Հրանուշ Հակոբյանը ավերեց ՙհովվերգությունը՚, ու ստիպեց Թամար Պողոսյանին հրաժարվել ՙերջանիկ՚ ապրելու գաղափարից…
Հեռանալով` Թամար Պողոսյանը հայտարարեց, որ ինքն այժմ չի մտածում իր հետագա գործունեության մասին, քանի որ կամենում է հանգստանալ, իսկ հետո ամեն ինչի մասին տեղյակ կպահի հանրությանը: Այսինքն, հանրությանն այնքան է մտահոգված նրա ճակատագրով, որ նա կիրազեկի, թե որ ոլորտում է շարունակելու իր գործունեությունը… Իսկ թե ով կլինի ՙՄեկ ազգ, մեկ մշակույթ՚ հիմնադրամի տնօրենը` առայժմ հայտնի չէ: Միայն հուսանք, որ լինի մշակույթն ու սփյուռքը ճանաչող մեկը, որը չշարունակի սեպ խրել հայրենիքի ու սփյուռքի միջև…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Scroll Up