Երևանում բացվեց ստամբուլահայ լուսանկարիչ Մուրատ Էզերի լուսանկարների անհատական ցուցահանդեսը

Օգոստոսի 28-ին Սփյուռքի նախարարության աջակցությամբ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ցուցասրահում բացվեց ստամբուլահայ լուսանկարիչ Մուրատ Էզերի «Ստամբուլի հայերը» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը: Շնորհավորելով սփյուռքահայ արվեստագետին կարևոր մշակութային իրադարձության առթիվ՝ նա մասնավորապես նշեց. «Պարոն Էզերն առաջին անգամ է Հայաստանում և հայ հանրությանը ներկայանում է իր լավագույն գործերով։ Այսօրվա ցուցահանդեսն իր բնույթով փաստագրական է և ունի պատմական նշանակություն։ Շրջելով Անատոլիայի ողջ տարածքում՝ պարոն Էզերը լուսանկարել է հայկական բնակավայրերը, դրանցում դնելով իր սիրտն ու ջերմ սերը, և արդյունքում ստեղծվել են աննախադեպ խոսուն այս լուսանկարները, որոնք տպագրվել են Ստամբուլում հրատարակվող «Փարոս» և «Մարմարա» պարբերականներում, որոնց աշխատակցել է նա, և որոնց մի գերակշիռ մասն այսօր ցուցադրվում է այստեղ։ Լինելով համայնքային կյանքի ակտիվ մասնակից՝ տաղանդաշատ լուսանկարիչը ստեղծել է Ստամբուլի հայտնի հայերի և հայկական համայնքի լուսանկարային պատմությունը։ Նրա խցիկը «որսացել» է համայնքային կյանքն արտացողող դեպքեր, անվանի գործիչների դիմապատկերներ ու անկյունաքարային միջոցառումներ, որոնք հետագայում տեղ են գտել նրա հեղինակած «Ստամբուլի հայերը» պատկերագրքում, որը նույնպես ներկայացված է այս ցուցասրահում: Այն վստահաբար համալրելու է Ստամբուլի հայկական համայնքի հայապահպան գործունեության համայնապատկերը, դառնալու է նրա ինքնատիպ էջերից մեկը և անպայման կփոխանցվի սերունդներին՝ որպես իրական պատմություն: Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում պարոն Էզերին և մաղթում նորանոր հաջողություններ արվեստի այս բնագավառում»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: «Այս անհատական ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ ներկայացնում է պոլսահայ կյանքը և մտավորականներին: Պոլիսը մոտիկ է և հեռու, չբացահայտված հայաստանցիների համար: Միշտ պատրաստ ենք հյուրընկալելու սփյուռքահայ արվեստագետներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ու շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի նախարարությանն ու պարոն Էզերին՝ մեզ հետ համագործակցելու համար»:
Պարոն Էզերը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բոլոր կազմակերպիչներին ու հովանավորներին՝ իր աշխատանքները Հայաստանում ցուցադրելու հնարավորություն ընձեռնելու, նաև՝ բարձր գնահատելու և արժևորելու համար:
Մուրատ Էզերը ծնվել է Բաթմանի շրջանի Բարընչ գյուղում, դառն ճակատագրի բերումով տեղափոխվել Ստամբուլ, սովորել Կարագյոզյան մանկատանը, այնուհետև Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական վարժարանում: 32 երկար ու ձիգ տարիներ աշխատել է Ստամբուլի Փակ շուկայում՝ որպես օդորակիչ մեքենայի վարպետ, մինչև մի օր ձեռքն է վերցրել լուսանկարչական խցիկն ու սկսել ստեղծագործական ուղին: