Ռումինիայի երեք հայկական պարախմբերը, որոնք մասնակցեցին Բուխարեստի «Հայկական փողոց» փառատոնին

Բուխարեստի «Վարդավառ» պարախումբը ստեղծվել է 2001թ. պարուսույց Բելա Մարտիկյանի նախաձեռնությամբ։ Մինչև 2017թվականը խմբում պարել են քառասունից ավելի հայ և ռումինացի երիտասարդներ: Արդեն մեկ տարի է՝ խմբում կատարվել է սերնդափոխություն. այսօր «Վարդավառ-ժունիորն» ունի 10 անդամ՝ 11-18 տարեկան, որոնք բոլորն էլ հայկական համայնքի անդամներ են։ Իր գոյության ընթացքում «Վարդավառը» մասնակցել է Ռումինիայի Բուխարեստ, Սիգիշոարա, Պիտեշտ, Պլոյեշտ, Կոնստանցա և Բակըու քաղաքներում, բուլղարական Պլովդիվում և Երևանում կազմակերպված բազմաթիվ փառատոների և այլ միջոցառումների։ Պարացանկը հիմնականում կազմված է ազգագրական և ժողովրդական, ինչպես նաև՝ պարահանդեսային պարերից։ «Վարդավառը» սերտորեն համագործակցում է Գագիկ Գինոսյանի «Կարին» խմբի հետ։

Հաջորդը Տրանսիլվանիայի պատմական շրջանի հայերի կողմից հիմնված Գեռլա (նախկին Արմենոպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարախումբն է, որը ստեղծվել է 2012թ. և կազմված է մի քանի հայերից, հունգարացիներից և ռումինացիներից։ Խմբի պարուսույցը և պարուհիներից մեկը Էրիկա Էստեգարն է, որի հայկական արմատները ռումինական հողի վրա ձգվում են մի քանի դար։ Քանի որ Հայաստանի և հայկականության հետ կապը բավականին թույլ է եղել, սակայն հայկական պարախումբ ստեղծելու ցանկությունը՝ մեծ, Էրիկան հենց ինքն է խումբ հավաքել և համացանցի միջոցով սովորելով հայկական տարբեր պարեր՝ վերարտադրել դրանք։ Վերջին շրջանում նրանք ավելի շատ շփումներ են ունենում հայ պարուսույցների հետ։ Հատկանշական է, որ պարախումբը տարիներ շարունակ մասնակցում է մի շարք փառատոների Գեռլա, Բուխարեստ, Սիգիշոարա, Գեորգեն, Կոնստանցա, Բակըու, Բոտոշան, Ռոման, Սիգետու Մարմացիեյ, Բիստրիցա և այլ քաղաքներում: Խմբի ֆեյսբուքյան էջն է՝ https://www.facebook.com/hayakaghak/)

Բուխարեստում հայկական տարրերով պարեր ներկայացնող ևս մեկ խումբ կա. Ռումինիայի հայ համայնքի անդամ, պարուսույց, պարող և լուսանկարիչ Մկրտիչ Բաղդասարյանն իր մի քանի պրոֆեսիոնալ պարող ընկեր-ընկերուհիների հետ 2014թ. ստեղծեց Miko & Crew պարախումբը, որն ունի յուրահատուկ ոճ՝ համատեղում է ավանդական հայկական պարային տարրերը ժամանակակից պարային տարրերի հետ: Մասնակցել են մի շարք փառատոների և միջոցառումների, այդ թվում՝ Դեսպանատների փառատոնին, Ազգային փոքրամասնությունների փառատոնին, UNESCO-ի Պարի միջազգային օրվան, «Հայկական փողոց» փառատոնին և այլն, ինչպես նաև ելույթ են ունեցել ռումինական տարբեր հեռուստաալիքներով։ Բացի Մկրտչից՝ մյուսները ռումինացիներ են և բավականին հայտնի են Ռումինիայում, քանի որ պարում են տեղի հանրաճանաչ երգիչ-երգչուհիների հետ։ Ներկայում նրանք պատրաստում են մի նոր ծրագիր՝ նոր հայկական տարրերով և ավանդական հագուստներով: Խմբի ֆեյսբուքյան էջն է՝ https://www.facebook.com/mikoandcrew/?tn-str=k*F :    

«Հայկական փողոց» փառատոնի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ կարող եք ստանալ ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/StradaArmeneasca/

Արսեն Արզումանյան

«Արարատ» ամսագիր, Բուխարեստ

Scroll Up