Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցը նշեցին Սփյուռքի բոլոր համայնքներում

Ապրիլի 24-ին  աշխարհասփյուռ հայությունը հերթական անգամ ոգեկոչում էր 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը: Սփյուռքի հայկական համայքներում կրկին ցասումի եւ պատմական արդարության վերականգնման ոգին էր տիրում:

<Հայերն Այսօր>-ի խմբագրությունը ընթերցողին է ներկայացնում ամփոփ ծաղկաքաղ, որում ներկայացված են ապրիլի 24-ին Սփյուռքում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներն` ըստ երկրների:

Կալկաթայի Սուրբ Պողոս Մայր Տաճարում նշել են Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը

2011 թվականի ապրիլի 24-ին Կալկաթայում (Հնդկաստան) մոտ երեք հազար մարդ աղոթեց և հարգեց Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որը մեծ մխիթարություն էր սակավաթիվ հնդկահայ համայնքի համար:

Ամեն տարի Սուրբ Զատկի տոնին Կալկաթայի քրիստոնյաները հավաքվում են Անգլիական Սուրբ Պողոս Մայր Տաճարի հարակից տարածքում` փառաբա-նելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը: Հոգևոր և մշա-կութային հանդիսությունը եզրափակում է Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկո-պոսն իր Զատկական պատգամով: Այս տարի առ ի հարգանք Մեծ Եղեռնի զոհերի` տոնախմբության կազմակերպիչները հրավիրել էին հնդկահայոց հո-գևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանին` աղոթելու և իր պատգամը փոխանցելու:

Հանդիսավար անգլիկան հոգևորական Հայր Անդրյու Սիմիկը մինչ հնդկա-հայոց հոգևոր հովվին բեմահարթակ հրավիրելը` ներկաներին հայտնեց, որ այս տարի
Սուրբ Զատիկը համընկնում է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի հետ և մասնակիցներին հրավիրեց աղոթելու 1,5 միլիոն անմեղ նահատակաց համար:
Հայր Խորենը նախ հայերենով աղոթեց Մեծ Եղեռնի զոհերի հոգիների խաղաղության համար, ապա խոսեց Հայոց ցեղասպանության մասին` ի մասնավորի ասելով. «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Օսմանյան թուրքերի կողմից հայության բնաջնջման փորձը` 1915 թվականի 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Այդ կոտորածին զոհ գնացին անմեղ ու անպաշտպան մանուկներ, ծերեր, կանայք ու տղամարդիկ… Թուրքական ժխտողականության պատճառով Ցեղասպանությունից հետո մնացած մեր վերքը դեռ չի ապաքինվել, նրանից շարունակում է արյուն ծորալ… Մի ամբողջ ազգ խաչին գամվեց միայն քրիստոնյա, միայն հայ լինելու համար…»:

Երեկոյին մասնակցեց նաև Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախումբը` կատարելով հատվածներ Սուրբ Պատարագից:

Ղազախստանի և Ղրղզստանի մի շարք քաղաքներում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին` կիրակի առավոտյան, Ալմաթիի «Սուրբ Կարապետ» Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի կարգ և այնուհետև պատարագ է մատուցվել իննսունվեց տարի առաջ թուրք ոճրագործների ձեռքով ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին:
«Սուրբ Կարապետ» եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել հարյուրավոր հայեր, որոնք մեկ րոպե լռությամբ հարգել են հայ նահատակների հիշատակը:

Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր Ալմաթի հայկական մշակութային տան դահլիճում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Միջոցառումը սկսվել է «Ադանա» տեսահոլովակի ցուցադրմամբ, որից հետո ելույթներ են ունեցել «Սուրբ Կարապետ» եկեղեցու հովիվ` Տեր Մարկոս քահանան և տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են 1915թ. Հայոց ցեղասպանության ոճրագործներին և համոզմունք հայտնել, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ բացառելու համար, պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:
Այնուհետև տեղի կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հնչել են Կոմիտասի «Կռունկը» երգիչներ Հասմիկ Ավդալյանի և «Դլե-յամանը»` Պարգև Խաչատրյանի կատարմամբ: Հիշատակի միջոցառումը եզրափակել է «Նաիրի» պարի համույթը` ներկայացնելով « Խաչքար» պարը:

Ապրիլի 24-ին Աստանա քաղաքում «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարությունը, ՂՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, կազմակերպել էր հուշ-հավաք` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Հավաքի մասնակիցները վաղ առավոտյան այցելել են տեղի ուղղափառ եկեղեցի և մոմեր վառել` ի հիշատակ 1915թ. անմեղ զոհերի: Այնուհետև «Վան» հայկական մշակութային կենտրոնում հավաքի մասնակիցները ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրությանը:

Կարագանդայի «Սպասկ» հուշահամալրի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջև այսօր տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-հավաք: Հավաքի մասնակցիները ծաղիկներ են զետեղել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել հայ անմեղ զոհերին` մեկ րոպե լռությամբ:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կայացել նաև Պետրոպավլովսկի, Պավլոդարի, Ուստ Կամինագորսկի, Կոստանայի և Ղազախստանի այլ հայաշատ քաղաքներում:

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաև Բիշքեկում: ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը և «Նաիրի» հասարակական միությունը կազմակերպել էին հուշ-հավաք և ծաղկեպսակների զետեղման արարողություն` հայկական խաչքարի առջև:

Ապրիլի 24-25 Սիրիայում անցել են միջոցառումներ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյակի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս Եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, ապա Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան կարգ` Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ապրիլի 25-ին սգո արարողություն տեղի ունեցավ Դամասկոսի հայոց գերեզմանատանը` ուր գտնվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Հուշահամալիրում Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին եղեռնի զոհերի հուշարձանին:

Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում Հայաստանի դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը, սիրիահայ համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները, գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:

Փարիզում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված ցույցին մոտ 5 հազար մարդ էր հավաքվել

Ցույցը մեկնարկեց Թուրքիայի դեսպանատնից, որի դիմաց հավաքվածները պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա շարունակվեց Կոմիտասի հուշարձանի մոտ

Ապրիլի 24-ին Փարիզում կայացավ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հանրահավաք: Ակցիան սկսվեց Թուրքիայի դեսպանատնից, որի դիմաց հավաքվածները պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև ցույցը շարունակվեց Կոմիտասի հուշարձանի մոտ:

Ակցիայի ընթացքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ էին անում մայիսի 4-ին հավաքվել Սենատի մոտ, որտեղ Սահմանադրության հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին, օրինագիծն արդեն ընդգրկվել է հանձնաժողովի օրակարգում, և մայիսի 4-ին կմեկնարկեն դրա քննարկումները:

Ուրուգվայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 29-ին հայկականh միությունները Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայում «Արդարության համար» քայլարշավ կանցկացնեն
Ուրուգվայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում` Ս.Ներսես Շնորհալի եկեղեցում, Սուրբ Զատկի պատարագից հետո տեղի ունեցավ ժողովրդական հավաք` եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի հուշակոթողի դիմաց: Խոսքով հանդես եկան ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միության անդամները:

Ապրիլի 25 -ին քաղաքի Անկախության հրապարակում կտեղադրվի ծաղկեպսակ սբ. Արթիգասի հուշարձանի մոտ` որպես հարգանքի տուրք այդ երկրի հայասեր կառավարությանը և ժողովրդին: Ապրիլի 26-ին Ուրուգվայի խորհրդարանի նախագահության նախաձեռնությամբ սենատի նախասրահում տեղի կունենա ոգեկոչման ձեռնարկ, որտեղ իր խոսքով հանդես կգա Բուենոս Այրեսից հրավիրված, Արգենտինայի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և խտրականության դեմ պայքարի գրասենյակի համադրող Պեդրո Մուրադյանը:

Ապրիլի 29-ին Երիտասարդական միությունները Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայից մինչև Մոնտեվիդեոյի համալսարանի շրջափակը «Արդարության համար» քայլարշավ կանցկացնեն, որի ժամանակ տեղում կկատարվի հատուկ ոգեկոչման արարողություն:

Վրաստանի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Վրաստանի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջել են ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը` բողոք արտահայտելով թուրքական կառավարության կողմից այդ փաստի ժխտման քաղաքականության դեմ:

Վերջերս Վրաստանի հայկական կազմակերպությունները վրաստանի նախագահին ու խորհրդարանին նամակ են հղել` կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Հայկական կազմակերպությունները վրացի պատգամավորներին առաջարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ նախաձեռնել:

Իսպանիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսպանիայի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կայացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «Իսպանիայի հայեր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Անդրանիկ Տերտերյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր իսպանական քաղաքում, որտեղ հայեր են բնակվում, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել:
Ընդ որում, նա նկատել է, որ այդ միջոցառումները համեմատելի չեն նախորդ տարիների միջոցառումների հետ, երբ ողջ հայ համայնքը միայն մեկ, բայց մեծ միջոցառում էր անցկացնում: Օրինակ` 2007 թվականին Վալենսիայում հայ համայնքը լայնամասշտաբ ակցիա անցկացրեց` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Երուսաղեմի հայերը Թուրքիայից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

«Հայ Դատի» Երուսաղեմի գրասենյակն ու քաղաքի հայ համայնքը հայկական եկեղեցում Զատկի պատարագից հետո մատուցվեց նաև Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված մեկուկես միլիոն անմեղ զոհերի հոգեհանգստյան պատարագ, այնուհետև ծաղիկներ դրվեցին հայկական եկեղեցու կողքին կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Ժորժետտա Ավագյանը, հուշարձանից սկսվեց երթը դեպի Իսրայելում Թուրքիայի դեսպանատուն, որին ավելի քան 200 մարդ էր մասնակցում, այդ թվում` հրեաներ: Երթի մասնակիցները Թուրքիայից պահանջում էին ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը:

Ժորժետտա Ավագյանը հաղորդել է նաև, որ այս տարի Տիրոջ Գերեզմանի տաճարում հայ և հույն հոգևորականների միջև սովորաբար տեղ գտնող ընդհարումներ չեն եղել:

Մինսկի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին Մինսկից հաղորդեց Բելոռուսի հայ համայնքի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը, ապրիլի 24-ի առավոտյան Մինսկի հայերը հավաքվել էին Ալեքսանդր Նևսկու տաճարի դիմաց, որպեսզի մասնակցեն Զատկի տոնի առթիվ մատուցվող պատարագին: Այնուհետև Մինսկում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները պսակ դրեցին հուշարձան-խաչքարին:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Բելոռուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն ավելի քան 200 հայ մասնակցեց:

Ռումինիայում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ,արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:
Բուխարեստի Սբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում, Մեծ Պահքի պատարագից հետո, կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմիցծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ վրդ Հակոբյանը, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: «Այսօր արդեն քսան տարի պետական ծրագրված քաղաքականություն է տարվում Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը դրսեւորվում էՀայաստանը շրջափակելու միջոցով, տնտեսապես մեկուսացնելով, միջազգային կազմակերպություններում հակահայ քայլերով ճնշումբանեցնել մեր ժողովրդի կամքի վրա` հրաժարվելու իր իրավունքների պաշտպանությունից: Ամենավտանգավորը հայատյաց քարոզչությանբորբոքումն ու ծավալումն է, պատմության եւ իրողության խեղաթյուրումը, նեգացիոնիզմը, ինչը, հաշվի առնելով այդ պետության ահռելիհնարավորությունները, ինչպես նաեւ ներկա հասարակությունների անտեղյակությունը իրականության մասին, պատկերացնում եք, թե ինչավերածություններ է գործում եւ ինչպիսի սպառնալիքներ ներկայացնում մեր ժողովրդի անվտանգության, մեր իսկ գոյության, մեր երկրիկենսունակության համար: Այդ սպառնալիքը թեեւ անմիջականորեն մեզ է ուղղված, սակայն այն վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Քանզի ժամանակակից աշխարհում ուժի դիրքերից թելադրված քաղաքականությունը, ինչը մշտապես վարվել եւ վարվում է մեր դեմ,անտեսելով եւ ոտնահարելով հայ ժողովրդի իրավունքները, չի կարող ոչ միայն լուծել մեր միջեւ եղած հակասությունները, այլեւապահովություն խոստանալ որեւէ մեկին», իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

«Ուստի միջազգային հանրության պատասխանատու կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, դեմոկրատականհասարակությունների եւ մտավորականների բողոքն ու ձայնը այդ անժամանցելի ոճիրի դեմ, թուրքական հասարակության զանազանշերտերի, մտավորականության ու քաղաքական ուժերի օրեցօր դրսեւորվող ընդվզումը եւ պահանջը սեփական իշխանություններից միակպայմանն է թուրքական կառավարությանն ստիպելու`վերջ տալու այդ անհեռանկար քաղաքականությանը, փակելու այդ ամոթալի էջը եւփորձելու իր հարեւանի հետ կառուցելու ավելի հուսալի ապագա», ասաց Հայաստանի դեսպանը:

Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների եւ այլոց վավերական լուսանկարները, որոնք պատմում էին հայերի տեղահանության եւ կրած տառապանքների մասին: Նկարաշարը պետք է ցուցադրվի մի քանի օր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Բոտոշան, Գալաց, Բակաու, Ֆոկշան, Տուլչեա, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոցմիության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգայինփոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Մայիսի վերջին նախատեսվում է Ռումինիայի գիտությունների ակադեմիայում կազմակերպել դասախոսություն Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Scroll Up