Ինչ կարող է տալ «ներՈւժը» Հայաստանին և Սփյուռքին

Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC), Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ սփյուռքահայ երիտասարդների համար իրականացնում է «ներՈւժ» ծրագիրը: Մասնակցել կարող են արտերկրում մշտապես բնակվող 18-35 տարեկան ազգությամբ հայ երիտասարդ ձեռներեցները, որոնք ունեն բիզնես գաղափար և պատրաստ են բնակություն հաստատել Հայաստանում կամ Արցախում։

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում ծրագրի մասին:

Նպատակը

«ներՈւժ»-ն իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. առաջին՝ սփյուռքահայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի բիզնես և սթարթափ էկոհամակարգին և երկրորդ՝ Սփյուռքում բնակվող երիտասարդների բիզնես ծրագրերը ֆինանսավորելով՝ բարելավել Հայաստանի սթարթափ էկոհամակարգը:

Հուլիսի 13-ին տրվեց ծրագրի մեկնարկը և սկսվեց հայտադիմումների ընդունումը, որը տևելու է 2 ամիս: Սփյուռքահայ երիտասարդներն իրենց ստարթափ ծրագրերը մինչև սեպտեմբերի 13-ը պետք է ուղարկեն «ներՈւժի» կայք-էջի միջոցով՝ neruzh.am: Ներկայացված ծրագրերն անցնելու են գնահատման փուլ, այնուհետև կատարվելու է մասնակիցների ընտրություն: Ընտրված մասնակիցները  հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու դեկտեմբերի 16-21-ը Դիլիջանի UWC դպրոցում կայանալիք միջոցառմանը: Հաղթող ճանաչված մինչև 10 լավագույն  սթարթափերը կֆինանսավորվեն ծրագրի շրջանակներում՝ ստանալով մինչև 15 միլիոն դրամի աջակցություն:

Ինչ կարող է տալ ծրագիրը Հայաստանին

– Մենք ի սկզբանե որդեգրել ենք փոխշահավետության սկզբունքը. Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ, այլ ոչ թե՝ միակողմանի:

Հայրենադարձություն իրականացնելու համար մարդկանց ֆիզիկական տեղափոխությունը և նրանց ֆինանսական ակտիվները Հայաստան բերելը միայն բավարար չեն: Հայրենադարձվելու համար մարդկանց պետք է ֆինանսական և սոցիալական որոշակի ապահովություն և հնարավորինս նվազ սոցիալական ցնցում: Եթե Սփյուռքում ապրողն այսօր որոշի իր ունեցվածքը վաճառել և գալ Հայաստան՝ նա շատ մեծ ռիսկի կդիմի: Սակայն այլ է, երբ նա գալիս և ծանոթանում Հայաստանի այն միջավայրին, որի շրջանակներում հետագայում պատրաստվում է գումար վաստակել: Այդ ամենին ծանոթանալուց հետո՝ տեղափոխման ցնցումն ավելի փոքր է լինում: Միաժամանակ՝ իր կյանքի հետագա ծրագրերի մեջ ավելի հեշտ է տեղավորվում Հայաստան տեղափոխվելու գաղափարը:

Որն է սփյուռքահայ երիտասարդի «շահը»

– Արդյո՞ք սփյուռքահայ երիտասարդներն իրենց ապրած երկրներում ունեն բիզնես-ակսելերացիոն անվճար ծրագիր, որն առաջարկվում է «ներՈւժի» կողմից, արդյո՞ք որևէ պետական գերատեսչություն կպաշտպանի նրանց շահերը, արդյո՞ք կունենան այն կապերը, իրավաբանական և հաշվապահական խորհրդատվությունը, որոնք կարող են ձեռք բերել «ներՈւժի» շրջանակներում:

Հետևաբար, սթարթափ հիմնելու համար նրանք երկու հնարավոր տարբերակ ունեն՝ գալ Հայաստան կամ իրականացնեն այն երկրներում, որտեղ ապրում են: Եվ ի վերջո, կարևոր է նաև զգայական պահը՝ Հայաստանը նրանց հայրենիքն է:

Ծրագրի թիրախային ոլորտները

Նորարար տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն. այն 3 ոլորտները, որոնք մենք կարևորում ենք, և որոնց զարգացման կարիքը ունի Հայաստանը:

2018 թվականը պիլոտային տարի է, այդ պատճառով է նաև, որ ծրագրում որոշ սահմանափակումներ են մտցվել: Մենք առայժմ չունենք այն բավարար ռեսուրսները, որոնք կօգնեին ավելի հեշտ կազմակերպել գործընթացը, ուստի որոշեցինք որոշակի սահմանափակումներ սահմանել՝ տարիքային, ոլորտային, որպեսզի պիլոտային տարին ավելի կառավարելի ստացվի: Բացի այդ, սրանք այն ոլորտներն են, որոնց մեջ հնարավոր է ներառել շատ տարատեսակ բիզնեսներ, որոնք ինչ-որ կերպ կապվում են այդ ոլորտների կամ դրանց ենթաոլորտների հետ։

Հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ

– Ներկայացնեմ մեկ շաբաթ առաջ ունեցած տվյալները: Մոտ 66-ից ավելի դիմում. այս ընթացքում թիվը բավականին աճած կլինի: Դիմողները հիմնականում ԱՄՆ-ից և Ռուսաստանից են, այն երկու երկրներից, որտեղ հայկական համայնքները մեծ են:

Հետաքրքրվածությունն այս պահի դրությամբ, համեմատաբար, ավելի շատ նորարար տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ է: Երեք ոլորտները, իրականում, ներառում են իրենց ենթաոլորտները: Եվ ըստ էության, ցանկության դեպքում, տարատեսակ բիզնեսներ է հնարավոր իրականացնել այդ շրջանակներում: Եթե օրինակ, բժշկության ոլորտն ընդգրկող ծրագիրն ունի նորարարական լուծումներ՝ հնարավոր է ներառել նորարար տեխնոլոգիաների մեջ:

Գործընկերներ

– Այս ծրագրում շատ կարոր դեր են խաղացել գործընկերները. համակազմակերպիչ՝ FAST հիմնադրամ, գործընկերներ՝ IDEA հիմնադրամ, Դիլիջանի միջազգային դպրոց (UWC) և Impact Hub Yerevan: Մի փոքր ավելի ուշ մեզ միացավ նաև Հայ-ռուսական համալսարանը: Անչափ շնորհակալ ենք նրանց՝ գործընկերության համար: Պատրաստ ենք նաև նոր գործընկերների առաջարկները լսել: Կան կազմակերպություններ, որոնց հետ այս պահին համագործակցությունն ընթացքի մեջ է և բանակցային փուլում:

Որպես վերջաբան

– Հոկտեմբերի 7-ին կհայտարարվեն այն մասնակիցների անունները, ովքեր կժամանեն Հայաստան: Հոկտեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 16-ը զբաղվելու ենք նախապատրաստական աշխատանքներով: Դեկտեմբերի 16-21-ը Դիլիջանում կկայանա ծրագրի հիմնական մասը, որի ընթացքում ժյուրին, որի կազմում կլինեն Սփյուռքի նախարարության, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ներդրողներ, գործարար ոլորտի մասնագետներ, կգնահատի ներկայացված ծրագրերը:

2019 թվականի ընթացքում հաղթողները Հայաստանում կհիմնեն բիզնես՝ ըստ իրենց սթարթափ ծրագրի: Առաջին 4 ամիսների ընթացքում անվճար ակսելերացիոն ծրագրով, մենթորշիփով, բիզնեսի համար նախատեսված տարածքով նրանց կօգնի FAST հիմնադրամը, ինչպես նաև ֆինանսական և իրավաբանական խորհրդատվությամբ, հաջորդ 8 ամիսը՝ Impact Hub Yerevan-ը:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up