Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց «Սիրիահայերի միություն» ՀԿ ներկայացուցիչներին

Օգոստոսի 21-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունեց «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ներկայացուցիչներին` նախագահ Ներսես Քիվոյին, խորհրդի անդամներ՝ Խաչիկ Կազանջյանին, Արմեն Խորոզյանին, տիկնանց հանձնախմբի անդամներ՝ Վանի Նալբանդյանին, Յոլանդ Սապունջյան-Ռշտունուն, գործադիր մարմնի անդամներ՝ Հրայր Մկրտչյանին, Մեղրի Քահվեջյանին:

Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ու կառավարության անունից շնորհակալություն հայտնեց այն աշխատանքի համար, որն իրականացնում է «Սիրիահայերի միություն» ՀԿ–ն:

«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոն խոսեց այն աջակցությունների մասին, որոնք արվել են սիրիահայ գործարարների համար՝ ցուցահանդես-վաճառքներ, մասնագիտական տարաբնույթ խորհրդատվություններ և այլն:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան սիրիահայ գործարարների խնդիրներին, սիրիահայերի հայրենադարձության հարցին:

Նշենք, որ 2013 թվականին մի քանի սիրիահայ գործարարների նախաձեռնությամբ ձևավորվեց «Սիրիահայ գործարարների միություն» անվանումով խորհուրդը, որը 2016 թվականին իրավական կարգավիճակ ստացավ՝ որպես «Սիրիահայերի միություն» ՀԿ: Կազմակերպությանը Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) անհատույց տրամադրեց գրասենյակային տարածք, որտեղ ստեղծվեց Հայաստանում սիրիահայերի կողմից արտադրված ապրանքների ցուցադրական անկյուն և 150 սիրիահայ գործարարների տվյալների բազա։

«Սիրիահայերի միություն» ՀԿ-ն իր հիմնադրման օրվանից համգործակցում է թե Սփյուռքի նախարարության, և թե այլ պետական, ինչպես նաև միջազգային, հասարակական կառույցների և կազմակերպությունների հետ:

«Սիրիահայերի միություն» ՀԿ-ի՝ արդյունաբերական գոտի ստեղծելու նախաձեռնությանն ընդառաջելով՝ 2017թ. օգոստոսի համապատասխան որոշմամբ ՀՀ կառավարությունը՝ ՀՀ սփյուռքի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջնորդությամբ, «Սիրիահայերի ﬕություն» ՀԿ-ին 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրեց Կոմիտասի 49/3 հասցեում գտնվող շենքի 2-րդ մասնաշենքի 860.5 քառ. մետր մակերեսով նկուղային և 1-ին հարկի 649.2 քառ. մետր մակերեսով տարածքները՝ գործարար ծրագիր իրականացնելու նպատակով:

2017թ. դեկտեմբերի 5-ին Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ստեղծված www.syrarbi.am կայք-էջը՝ իբրև Հայաստանում սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրման հարցերի տեղեկատվական հարթակ, հանձնվեց «Սիրիահայերի միություն» ՀԿ-ին՝ այն կառավարելու, թարմացնելու, շահառուներին ընկերության կողմից թիրախային տեղեկատվություն տրամադրելու և շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով:

Scroll Up