«Ձեր քաջալերանքը մեզ համար կարևոր է». Վալանսի հայ համայնքի ղեկավար

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը օգոստոսի 20-ին ընդունեց Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքի ղեկավար, «Դավիթյան» դպրոցի տնօրեն, Ֆրանսիայի Դրոմ-Արդեշ տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ քահանա Մալջյանին:

Տեր Անդրանիկը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ներկայացրեց համայնքի խնդիրները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա նշեց, որ «Դավիթյան» դպրոց հաճախողների թիվը վերջին մի քանի տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է, դասավանդումն իրականացվում է և՛ արևմտահայերեն և արևելահայերեն:

Քննարկվեցին նաև Վալանսում հայկական նոր ամենօրյա դպրոցի հիմնադրման  հետ կապված հարցեր: «Լծված ենք ամենօրյա դպրոց ունենալու մեծ աշխատանքին: Ալֆորվիլի ամենօրյա դպրոցի գլխավոր բարերարը պատրաստակամություն է հայտնել օգնել մեզ: Ձեր քաջալերանքը մեզ համար կարևոր է», –  նշեց Տեր Անդրանիկը:

Նախարարը կարևորեց համայնքի ղեկավարի ակտիվ գործունեությունը տեղի հայության համախմբման, ինքնության, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանման ուղղությամբ: «Ես ու մեր կառավարությունը շատ բարձր ենք գնահատում և արժևորում սփյուռքում հայակերտմանն ուղղված ջանքերը, միանշանակ կանգնած ենք ձեր թիկունքին: Ողջունում եմ ամենօրյա դպրոց հիմնադրելուն ուղղված ձեր ջանքերը: Բայց շատ կարևորում եմ, որ այդ դպրոցը մրցունակ լինի և ոչնչով չզիջի երկրի մյուս դպրոցներին: Այդ դեպքում միայն արդարացված կլինի ամենօրյա հայկական դպրոց բացելու ձեր նախաձեռնությունը», – հավելեց նախարարը:

Scroll Up