Երուսաղեմահայ Էլենի երազանքը Հայաստանում ելույթ ունենալն է

ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից Էլեն Մարգարյանը սովորում է Երուսաղեմի Սրբոց Թարգմանչաց վարժարանում, ազատ ժամանակ սիրում է թենիս խաղալ, նաև Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության պարախմբում է պարում: Հայկական ավանդական քոչարին Էլենի սիրած պարերից է, որն ամեն անգամ պարելիս՝ հայ ժողովրդի անկոտրում ոգու ամրությունն է զգում:

Մեր զրուցակիցն ասաց, որ իր երազանքը Հայաստանում երբևէ ելույթ ունենալն է, որն էլ կհամարի իր կյանքի կարևոր իրադարձություններից մեկը:

«Քայլ դեպի տուն» ծրագրին ընկերուհու հետ է մասնակցում, ում մայրիկն է հորդորել գալ: Ստանալով ծնողների համաձայնությունը՝ սիրահոժար եկել է:

«Վայելել եմ ծրագրում անցկացրած ամեն մի օրը, և հիմա պետք է ասեմ, որ ավելի լավ եմ ուսումնասիրել պատմական վայրերն ու ավելի շատ  գիտելիքներ ձեռք բերել: Անհամբեր սպասում եմ ճամբարային օրերին»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց էլենը՝ հավելելով, որ ապագայում չի բացառվում նկարչուհի դառնա, քանի որ իրեն շատ է հետաքրքրում նկարչության աշխարհը: Հստակ որոշում կայացնելու համար դեռ ժամանակ ունի մտածելու:

Scroll Up