Բուխարեստում տեղի ունեցավ «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը

Oգոստոսի 3-5-ը Բուխարեստում տեղի ունեցած «Հայկական փողոց» փառատոնի շրջանակներում կայացավ հայերենի ուսուցման այլընտրանքային մեթոդով գրված  «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը մի քանի տարի առաջ ուսման նպատակով Ռումինիա տեղափոխված, քաղաքագիտության դոկտոր Արսեն Արզումանյանն է։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Բուխարեստի «Արարատ» ամսագրից, շնորհանդեսի ընթացքում գիրքը ներկայացրին Ռումինիայի հայոց միության (ՌՀՄ) նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, իսկ հեղինակը ներկայացրեց հայոց լեզվի պատմությունը, հատուկ ռումինախոսների համար իր մշակած գրքի մեթոդոլոգիան, գրքից տարբեր հետաքրքիր հատվածներ, հայերենի և ռումիներենի, ինչպես նաև արևմտահայերենի և արևելահայերենի միջև մի շարք ընդհանրություններ և տարբերություններ։

Գրքի վերնագիրը ռումիներենով հնչում է «Հայերենի ուսուցում առանց ուսուցչի»։ Ընդամենը 33 դասի ընթացքում այլընտրանքային տառադարձային տարբերակով ռումիներեն ներկայացվում է հայերենի քերականությունը՝ հաշվի առնելով երկու լեզուների ընդհանրություններն ու տարբերությունները։ Տառադարձության սկզբունքն ամբողջովին հարմարեցված է ռումիներենին, ինչի միջոցով տրվում են միաժամանակ ուղղագրության և հնչյունաբանության հետ կապված լուծումներ։ Առաջին դասից սկսած ներկայացվում են հայոց այբուբենի տառերը, իսկ տասնմեկերորդ դասից սկսած մի շարք վարժություններ կարող են արվել մինչև այդ սովորած հայերեն տառերի իմացությամբ։ Վերջնական ակնկալվող արդյունքը հայերեն խոսել, գրել ու կարդալ կարողանալն է։

Դասերի հերթականությունը պատահական չէ. այն արտահայտում է լեզվի ուսուցման գործընթացի տրամաբանական շղթան։ Հավելվածներից մեկում տրվում են գրական հայերենի մի շարք բառերի արդի խոսակցական ձևերը։ Բացի այդ, դասերն ունեն վարժություններ, իսկ գրքի վերջում ընթերցողները կարող են գտնել դրանց պատասխանները։ Այս ամենից բացի, ներկայացվում է քերականորեն հեշտ ընկալելի և պարզ բառապաշարով հինգ հայերեն երգ, ինչպես նաև դրանց ռումիներեն թարգմանություններն ու որոշ քերականական կառուցվածքների բացատրությունները։

Արսեն Արզումանյանի մտքում այսպիսի մեթոդով գրքի գաղափարը ծնվեց մոտ հինգ տարի առաջ, երբ համայնքի անդամներից իրեն խնդրեցին հայերեն սովորեցնել։ Քայլ առ քայլ գաղափարը կատարելագործվեց, հղկվեց Բուխարեստում և այլ քաղաքներում հենց այս մեթոդով դասընթացներ անցկացնելու ընթացքում։ Ժամանակի ընթացքում հեղինակը հասկացավ, որ Ռումինիայի պես հազարամյա հայկական համայնք ունեցող երկրում, որտեղ հայերի ճնշող մեծամասնությունը հայախոս չէ, մի քանի անգամ ավելի արագ և արդյունավետ է սովորել հայերենի քերականական նրբությունները ռումիներենով և դրան հարմարեցված տառադարձությամբ, իսկ ամեն դասին զուգահեռ սովորել նաև հայերեն տառերը, գրել տարբեր բառեր, ապա անել մի շարք լեզվական վարժություններ, և այս ամենն առանց կողմնակի օգնության։ Այս պարագայում ընթերցողից պահանջվում է շատ ավելի կարճ ժամանակահատված հայերեն խոսել, գրել և կարդալ կարողանալու համար։

Գիրքը տպագրվել է Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կողմից՝ Ռումինիայի պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ հեղինակի առաջնային նպատակը հայապահպանությունը խթանելն է և հայոց լեզվի տարածումը՝ որպես ինքնության պահպանման կարևորագույն միջոց, գիրքը տրվում է ցանկացողներին անվճար։ Առաջին տպաքանակն ամբողջությամբ սպառվեց հենց շնորհանդեսի օրը։

Գրքի նախաբանում հեղինակը ներկայացնում է նաև գրքի դասերն ու քերականական նրբությունները յուրացնելու մեթոդոլոգիան, ինչի շնորհիվ համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի սովորել հայերեն, վարժվել հայերենի և ռումիներենի միջև գոյություն ունեցող բազմաթիվ տարբերություններին։ Ինչպես հեղինակն է նշում. «Արդյունք ունենալու համար պետք է «ապրել» այդ լեզվով, և որքան էլ տառերն ու լեզուն՝ իր քերականական կանոններով, բարդ թվան, նպատակասլաց աշխատանքի դեպքում հնարավոր է հաղթահարել դժվարություններն ու հասնել ցանկալի արդյունքի»։

Scroll Up