«Քայլ դեպի տուն» ծրագրի ամենամեծ ձեռքբերումն իմ հայ ընկերներն են՝ աշխարհի տարբեր երկրներից. վիրահայ երիտասարդ

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից Նիկա Ղազարյանը ծնվել և մեծացել է Թբիլիսիում: Նա 17 տարեկան է: Ծրագրի մասին լսել է քաղաքում գործող «Հայարտուն» հայկական մշակութային կենտրոնից և քույրիկի հետ որոշել են անպայման մասնակցել:
«Առաջին անգամ, երբ եկա Հայաստան, երկու տարեկան էի, դրանից հետո ամեն տարի գալիս եմ,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Նիկան և հավելեց,- «Հայաստանը շատ եմ սիրում , ինձ տանն եմ զգում: Թեև այստեղ ապրելու մասին դեռ չեմ մտածում, բայց շատ կուզեի հնարավորություն ունենալ ամեն տարի ամռանը նույն խմբով հավաքվել և լավ ժամանակ անցկացնել: Վստահ եմ, որ այստեղ անցկացրած օրերս երբեք չեմ մոռանա» :
Նիկայի կյանքում շատ մեծ տեղ ունի երգը, երգչախմբում է երգում, խաղում է նաև թատրոնում: Ամեն տարի երգչախմբով գալիս են Հայաստան և մասնակցում տարբեր փառատոներին:
«Քայլ դեպի տուն» ծրագրում իր ամենամեծ ձեռքբերումը Նիկան համարում է իր հայ ընկերները՝ աշխարհի տարբեր երկրներից: Շատ կարևորում է նաև ծրագրում ստացած գիտելիքները հայոց պատմությունից: Նախկինում երբևէ առիթ չի ունեցել սովորելու, քանի որ ռուսական դպրոց է հաճախում: Հայերեն գրել, կարդալ շատ անգամ է սկսել սովորել, բայց քանի որ գործածության առիթ չի ունեցել, մոռացել է: Հայոց լեզվի դասերին փորձում է վերհիշել իմացածը, նաև նոր բառեր է սովորում: Իսկ տանը, Նիկայի փաստմամբ, խոսում են միայն հայերեն:
Ռուզաննա Ալեքսանյան