«Ցանկանում եմ, որ իմ ընտանիքում հայապահպանության խնդիր այլևս չլինի». «Քայլ դեպի տուն» ծրագրի վիրահայ մասնակից

Թիֆլիսահայ 21-ամյա Ստելլա Սելեպանովան ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից է: Նա Թբիլիսիի հայկական համայնքի ակտիվ անդամներից է: Ծրագրի մասին լսել է քաղաքում գործող «Հայարտուն» կենտրոնից: «Թեև շատ եմ եղել Հայաստանում և մասնակցել եմ տարբեր փառատոների և համերգների, բայց այս անգամ ևս չէի կարող չօգտվել Հայաստանում ևս մեկ անգամ լինելու ինձ համար անչափ կարևոր հնարավորությունից: Դասավանդելով հայկական ժողովրդական և ազգագրական պարեր Ռուսթավի Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթամշակութային, երիտասարդական կենտրոնում՝ հայապահպանության գործում շատ կարևոր եմ համարում նաև ազգային պարերի պահպանումը և փոխանցումը սերունդներին,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Ստելլան և հավելեց,- «մեր ընտանիքում շատ խիստ է դրված հայապահպանության հարցը: Տանը խոսում ենք բացառապես հայերեն, իսկ գրել, կարդալ սովորել եմ հայկական կիրակնօրյան դպրոց հաճախելով, ինչի շնորհիվ ինձ լիարժեք հայ եմ զգում»:
Այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք Հայաստանում ապրել, Ստելլան անկեղծորեն պատասխանեց. «Թեև Թբիլիսիում եմ ծնվել ու մեծացել, բայց ինձ համար իբրև հայրենիք ընդունում եմ միայն Հայաստանը: Սիրով կամուսնանայի և վերջնականապես բնակություն կհաստատեի Երևանում, որ իմ ապագա երեխաները մեծանային հայկական ավանդույթներով, հայկական միջավայրում, որպեսզի իմ ընտանիքում հայապահպանության խնդիր այլևս չլինի»:
Ռուզաննա Ալեքսանյան